Home / Տեսանյութեր / Ինչպես վարչապետը խոսեց գյուղապետի հետ բնապահպանական խնդիրների մասին

Ինչպես վարչապետը խոսեց գյուղապետի հետ բնապահպանական խնդիրների մասին

«Սյունաց երկիր» թերթն իր այսօրվա համարում տպագրված «Թագավորը մերկ է. Քաջարանյան մելոդրամա` երկու գործողությամբ» նյութում  ներկայացրել է մարտի 3-ին Քաջարանում ՀՀ վարչապետի և Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի խոսակցությունը, գրում է ecolur.org-ը:

Ըստ տպագրված զրույցի տեքստի`գյուղապետի հարցին, թե  մտադիր է արդյոք կառավարությունը չեղյալ համարել իր որոշումը, որով փոխվել է գյուղի և ևս 5 այլ համայնքների հողերի նշանակությունը, վարչապետը պատասխանել է, որ խնդրում շատ ուժեր են խառնվել, ինչպես, օրինակ, «կանաչները», որոշ քաղաքական ուժերի խոչընդոտում է դրա լուծմանը:

«Դուք պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե հանրապետության 900-ից ավելի համայնքից յուրաքանչյուրն իր հարցերը լուծելու համար քաղաքական գործընթացներ սկսի: Ինչ վերաբերում է Քաջարան գյուղին: Մենք կկայացնենք մեր պետության, մեր հասարակության շահերից բխող որոշում: Առաջին հերթին, մարզի բնակչության շահերից բխող որոշում», – պատասխանել է վարչապետը` հորդորելով հարցը չդարձնել քաղաքական շահարկումների առարկա:

 

Թերթը գրում է, որ այս պաշտոնական խոսակցությունից հետո` վարչապետը իր մոտ է կանչել գյուղապետին և նրանց մեջ ևս մեկ խոսակցություն է տեղի ունեցել:

Վարչապետ – Ռաֆիկ ջան, չես ուզում ինձ հետ բաժակ խփել:

Գյուղապետ, – Ինչո՞ւ չեմ ուզում:

Վարչապետ – Ռաֆիկ ջան, քանի ընտրող ունեք գյուղում:

Գյուղապետ, – 180 ընտրող:

Մաքսիմ Հակոբյան («Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր) – Սուտ է ասում, 167 ընտրող:

Գյուղապետ – Դու տեղյակ չես, դու ես ստում:

Վարչապետ – Քանի ձեն ես մեր կուսակցությանը տալու:

Գյուղապետ, – Չգիտեմ:

Վարչապետ – Մի հատ ձեն էլ չես տալու մեր կուսակցությանը:

Գյուղապետ – Չգիտեմ:

Հիշեցնենք, որ վարչապետի պատասխանից  հարցի լուծման հույսեր չունենալով` Ռաֆիկ Աթայանը օրեր անց նաման է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, որում ասված է. «Եթե Դուք կրկին կոնկրետ քայլ չձեռնարկեք ու լռեք, ինչպես վարվեցիք մոտ 600 քաջարանցու 2011թ. մայիսին հղած դիմումի պարագայում, ապա վերջնականապես կնշանակի, որ Դուք կողմնակից եք Քաջարանի կոմբինատի ծպտված սեփականատերերի՝ սահմանային մեր գյուղը վերացնելու հրեշավոր ծրագրին, ինչի համար մեծագույն ափսոսանք կապրի գյուղի բնակչությունը, իսկ գյուղում կշարունակվի խորանալ անորոշությունը՝ սկիզբ առած 2011թ. ապրիլի 28-ից հետո», – մասնավորապես, գրել է Աթայանը: