Home / Հայաստան / Միմինոյից` մինչև. «կարտոնից» հայերի և ադրբեջանցիների մասին ֆիլմերը քննարկեցին Հայաստանում

Միմինոյից` մինչև. «կարտոնից» հայերի և ադրբեջանցիների մասին ֆիլմերը քննարկեցին Հայաստանում

Վերնագրի մեջ «Ղարաբաղ» բառը պարունակող, բայց ոչ ղարաբաղյան հակամարտության մասին պատմող վրացական ֆիլմերը հայ հանդիսատեսին հիմնականում դուր եկան: Դահլիճն ուշադրությամբ հետևում էր ֆիլմերին, և դրանց հաջորդած քննարկումների ընթացքում հիշատակվում էին անգամ ամենամանր դետալներն ու դրվագները: Այդուհանդերձ, իր հիացմունքը ֆիլմերի նկատմամբ հանդիսատեսն այդպես էլ չհայտնեց` նախընտրելով  ուշադրությունը սևեռել «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ 1,2» ֆիլմերի հեղինակների «սխալների», «անգրագետ ձևով ցույց տված հայերի» և «քաղաքական իրողությունների միտումնավոր խեղաթյուրված լինելու» վրա: Ամեն դեպքում, այդ Ղարաբաղը ոչ հայերի և ոչ էլ ադրբեջանցիների մասին էր: Պարզապես Վրաստանում նկարահանում են ֆիլմ և չեն ձևացնում, որ իրենց բնակության վայրում ոչ ոք, բացի իրենցից, չկա: Բայց այս մասին մի փոքր ուշ:

Ցուցադրությունը «Ստոպ» փառատոնի շրջանակներում կազմակերպել էր Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը, որին 2010 թվականին  ճնշում էին Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու մտադրության համար: Իրավապաշտպան Գեորգի Վանյանին այդ ժամանակ արգելում էին տարածք վարձակալել, ցուցադրություններն, այդուհանդերձ, տեղի էին ունենում մասնավոր բնակարաններում:

Առաջին «ճամփորդությունը»«Միմինոյից մինչև մեր օրեր: Հարավ-կովկասյան փոխակերպում» թեմայի պրիզմայի միջով իրականացրեցին պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը և իրավապաշտպան Լուիզա Պողոսյանը:

Ժամանակակից վրացական կինոյի կերպարները հաղթահարել են կովկասցիների պահվածքի խորհրդային մոդելի շրջանակները: Քաղաքական գործիչ Հայրապետյանը շեշտադրում արեց այն փաստի վրա, որ Վրաստանը, ի տարբերություն  Հայաստանի, մեկ քայլ առաջ է կատարել կայսրության կողմից իրեն փաթաթած նորմերից ձերբազատվելու ուղղությամբ: Նա դա տեսել է ֆիլմում, որը չի դիտարկել գեղարվեստական տեսանկյունից, նա դա տեսնում է Վրաստանով շրջագայելիս:

Զեկուցողի խոսքով` Միմինոյին և Ռուբիկ-ջանին առաջարկվում է հիմար վեճ ծավալել աշխարհում լավագույն ջրի մասին, մրցել ռեստորանում անտաղանդ երաժիշտներին երգ պատվիրելու հարցում: Հրատապ խնդիրների քննարկումը և գաղութատերերի քաղաքականությունը անհոգ հարավային ժողովրդի ներկայացուցիչներին այլախոհներ կդարձներ և ուղիղ ԳՈՒԼԱԳ կտաներ, վստահ է Հայրապետյանը:

Իրավապաշտպան Լուիզա Պողոսյանը հիշեցրել է Զուրաբ Ծերեթելիի «վրաց-հայ-ռուսական» ընկերության հուշարձանի մասին` նվիրված «Միմինո»-ի հերոսներին` Մկրտչյանին, Կիկաբիձեին, Լեոնովին, որը արգելել էին տեղադրել Մոսկվայում և բացեցին 2011 թվականին Թբիլիսիի հայկական թաղամասում: Այս աշխատանքի «պատճենը» նույն տարի տեղադրեցին նաև Դիլիջանում: Երկու հուշարձաններում էլ երկու գլխավոր հերոսների` հայի և վրացու արանքում կանգնած է ռուսը` Լեոնովի հերոսը:

Թբիլիսիում հուշարձանը կանգնեցրին Հավլաբարում: Բացման արարողությանը մասնակցում էր երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` կնոջ հետ: Զուգահեռաբար մոտ 10 մարդ «Ստոպ, Զուրաբ» կոչով ակցիա էին անցկացնում: Պողոսյանը հայտարարել է, որ ինքը կմիանար հայ-վրացական միջնորդավորված հարաբերությունների խորհրդային ավանդույթների վերականգնման դեմ բողոքի ակցիային:

Ռուսաստանյան լրագրողը ցուցադրված ֆիլմում պարբերաբար հարցնում է վրացի տղային, ով պատահաբար ադրբեջանական գերությունից հայերի մոտ է ընկել. «Ո՞վ ես դու: Ինչպե՞ս ես այստեղ հայտնվել: Իսկ վրացիները հայերին սիրո՞ւմ են»: «Նա պատասխանում է. «Հանգիստ թող ինձ: Քո ի՞նչ գործ: Ինքներս կպարզենք մեր հարցերը»: Հարցին` «ռուսներին չե՞ս սիրում», Գիոն պատասխանում է «Ես տականքներին  չեմ սիրում»: Չնայած հետո նրանք սիրով են զբաղվում:

Իրավապաշտպանը նաև մատնանշել է «կարծես կարտոնից կտրված հայերի կերպարներին»: Վրացիների շփում հայերի հետ որպես այդպիսին տեղի չի ունենում: Վրացիների կոնտակտը ադրբեջանցի զիվորականների հետ ավելի մարդկային բնույթ է ստանում, չնայած ծեծուջարդին և գերության առաջին օրերին: Հայերը իրենց նոր լռակյաց ընկերոջը «եղբայր» բառով են դիմում, կենացներ են խմում նախնիների, քրիստոնյա Կովկասի մասին, մեղադրում են նրա հայրենիքը քաղաքացիական պատերազմի համար, նրա համար, որ «վրացիները կրակում են վրացիների վրա»: Նա կարծես թե ազատ է անելու այն, ինչ ուզում է, բայց, փաստացիորեն գտնվում է մշտական վերահսկողության ներքո: Արդյունքում` նա պատանդ է վերցնում ռուսաստանցի լրագրողի, իր հետ վերցնում է երկու ադրբեջանցի գերիների և նետվում փրկելու ընկերոջը: Հայերից մեկը նրա հետևից ասում է. «Ասում էի չէ, որ բոզի տղայա»:

Դահլիճում մեկնաբանությունները սկսվեցին նրանից, որ ֆիլմը հեշտ է դիտվում, կերպարները լավ են ստեղծված (բացի հայերից, բնականաբար): Երբ ֆիլմը սկսեցին վերլուծել ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի նկատմամբ վրացի կինոարտադրողների նախապատվությունների տեսանկյունից, հասնում էին մանրագույն խնդիրներին, որոնք կարելի է նկատել, երբ հետևում ես ֆիլմի միայն այդ կողմին:

Օրինակ, միջնակարգ դպրոցի ուսուցչուհին ասում է, որ հայերը ադրբեջանական գերության մեջ ծխախոտ ունեին, իսկ դեմքին ծեծի հետքեր չկային: Հայկական գերության մեջ ադրբեջանցի զինվորականները խնդրում էին ուտելու բան և ծեծի էին ենթարկվում:

Նմանատիպ մեթոդ կիրառելով` կարելի է ժապավենի հեղինակներին հակահայկան տրամադրությունների մեջ մեղադրել. ադրբեջանցի զինվորականների տրամադրության տակ են թմրանյութեր, նրանք խորոված են ուտում (հայերի մոտ պահածոներ են), նրանց հրամանատարը նախկին մատակարար է (հայերի մոտ պրոֆեսիոնալ մարտիկ` անցյալում աֆղանական պատերազմ) և այլն…