Մարտի 31-ին Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստները վերսկսվել են անժամկետ նստացույցը: Ինչպես ասված է «Մենք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությունների մեջ, հորդառատ անձրևի պայմաններում նրանք փորձել են գիշերը պուրակում անցկացնելու համար վրան տեղադրել, ինչը, սակայն, ոստիկանները չթույլտարեցին անել:
Բնապահպանները հիշեցնում են, որ վրան տեղադրելու առաջին փորձը կատարվել էր դեռևս երկու շաբաթ առաջ:
«Այն ժամանակ` մարտի 14-ի երեկոյան 9:30-ի մոտակայքում, ոստիկաններն առանց նախազգուշացման և իրավական հիմնավորման իրենց կողմից կազմակերպված կեղծ աղմուկ-աղաղակով շեղել էին ակտիվիստների ուշադրությունը, տասնյակներով վրա հասել տեղադրված մեկ վրանի վրա, որի մեջ այդ պահին քնած մարդ կար, և քաշքշուկով ու հրմշտոցով վրանը կոտրելով այն հանել: Դրան հետևեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված էր, որ վրանի տեղադրումը չի կարող դիտվել որպես հասարակական կարգի խախտում և որ վրանը հանելուն ուղղված ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ էին:
Վրանի տեղադրման համար ոստիկանների ստեղծած ոչ իրավաչափ խոչընդոտները կանխելու նպատակով, նախ, ահազանգի արդյունքում պուրակ այցելեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, ում ոստիկաններն անգամ չլսեցին` պնդելով, որ վրանի տեղադրումն արգելելու են: Նրանց արհամարհական և ագրեսիվ վերաբերմունքի արդյունքում պուրակ ժամանեց ինքը` մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինիս և ոստիկանների միջև «բանակցությունները», սակայն, ապարդյուն անցան: Մարդու իրավունքների պաշտպանը պնդում էր, որ վրանի տեղադրումն անօրինական չէ, իսկ ոստիկանները, հանձինս Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի, հաշվի չառան մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն ու հորդորը, և առանց որևէ իրավական հիմնավորման, կամայական որոշման հիման վրա, արգելեցին վրանի տեղադրումը: Երբ ակտիվիստներից մի քանիսը փորձեցին տեղադրել վրանը, հենց մարդու իրավունքների պաշտպանի ներկայությամբ ոստիկանները, ներառյալ` «կարմիր բերետավորներին», վրա հասան և հրմշտոցով թույլ չտվեցին ակտիվիստներին անգամ բացել վրանը», – նշում են հայտարարության հեղինակները:
Ակտիվիստները տեղի ունեցած միջադեպը որակում են որպես խայտառակություն:
«Իրավապահ մարմնի ներկայացուցիչները պարտավոր են գործել օրենքի շրջանակներում: ՀՀ ոստիկանությունն արդեն անցել է բոլոր սահմանները և հաշվի չի նստում անգամ իր իրավասությունների շրջանակում միջամտություն ցուցաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, ինչը ևս մեկ անգամ հավաստվեց մարդու իրավունքների պատշպանի կողմից: Մենք պահանջում ենք անօրինական որոշում կայացնողներին պատժել և մեկընդմիշտ վերջ դնել այս կամայականություններին», – նշում են ակտիվիստները:
Նշենք, որ մարտի 31-ին ոստիկանները թույլ չեն տվել նաև ակտիվիստներին խմբին սեփական ուժերով ապամոնտաժել տաղավարները:
Լուսանկարը` Աստղիկ Մելքոնյանի