Վարձատրության առումով Հայաստանում գիտնականների վիճակը անմխիթար է: Նման եզրակացության կարելի է հանգել` ընթերցելով այս ամիս լույս ընծայվող «Պրոֆեսորներին վճարելիս» գրքում ամերիկացի Ֆիլիպ Ալտբախը և գրքի համահեղինակները 28 երկրներում ուսումնասիրել են պետության կողմից ֆինանսավորվող բուհերում ակադեմիական աշխատավարձերը, պայմանագրերը և գիտնականների եկամուտները:
Ինչպես հաղորդում է New Yrok Times-ը, գրքում նշվում է, որ տվյալ ոլորտում աշխարհն աստիճանաբար բաժանվում է երկու կատեգորիաների` երկրներ, որտեղից ուղեղների արտահոսք կա, և երկրներ, ուր այդ ուղեղները գալիս են: Ըստ հեղինակների` ավելի մեծ ռեսուրսներ ունեցող երկրները «ներկրում» են ավելի աղքատ երկրների տաղանդավոր մարդկանց:
Հետազոտողները բոլոր երկրների աշխատավարձերի չափը վերածել են դոլարի, և այդ ցուցանիշները համեմատել են յուրաքանչյուր երկրում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արտադրանքի ծավալի հետ: Տվյալներ են ներկայացվում նաև այն մասին, թե ինչպես են ակադեմիական գործունեությամբ զբաղվող մասնագետները վճարվում այլ աշխատանք ունեցող անձանց համեմատությամբ: 28 երկրներում աշխատող թիմերը նաև պարզել են, թե որքանով է ակադեմիական աշխատավարձը բավարարում այդ երկրում միջին որակի կյանք վարելու համար:
Համաձայն այդ ուսումնասիրությունների հայաստանցի մասնագետները տվյալ 28 երկրների շարքում ամենաքիչ վարձրատրվողն են` չհաշված Չինաստանը:
Մասնավորապես, աշխատանքի նոր անցնող գիտնականների շարքում չինաստանցի մասնագետներն ամենածանր ամսեկան աշխատավարձն են ստանում` 259 դոլար, որին հետևում է Հայաստանը` 405 դոլար: Ուշագրավ է, որ ցուցակում Հայաստանից մեկ տողով բարձր` 26-րդ տեղում է գտնվում Եթովպիան, որտեղ նոր աշխատանքի անցնող գիտնականը ստանում է ամսեկան 864 դոլար, ինչը հայաստանյան ցուցանիշից երկու անգամ ավելին է:
Կանադայում ակադեմիական գործունեությամբ զբաղվող սկսնակ գիտնականի աշխատավարձի ծավալը 5,733 դոլար է, իսկ պրոֆեսորինը` $9,485: Կանադացի մասնագետները գոհ լինելու ավելի շատ պատճառ ունեն քան, ԱՄՆ-ի նրանց գործընկերները, որտեղ նոր վարձված մասնագետները 4950 դոլար են ստանում, իսկ պրոֆեսորները` 7,358 դոլար: ԱՄՆ-ն հետ է մնում անգամ Իտալիայից ($9,118), Հարավային Աֆրիկայից ($9,330), Սաուդյան Արաբիայից ($8,524), Բրիտանիայից ($8,369), Մալայզիայից ($7,864), Ավստրալիայից ($7,499) և Հնդկաստանից ($7,433):