«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը պատրաստ է միանալ ընտրություններին վերաբերող ցանկացած ոչ ձևական փաստաթղթի: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
«Ժառանգության» նախընտրական շտաբն արձանագրել է, որ այս պահի դրությամբ ասպարեզ են բերվել օրինական ընտրությունների անցկացմանը միտված համագործակցության ձևաչափերի վերաբերյալ երեք առաջարկներ՝ Քաղաքագետների միության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անդամ Հմայակ Հովհաննիսյանի, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի և ԱԺ նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանի հեղինակությամբ:
«Վերջինիս առաջարկի կապակցությամբ մենք ստիպված ենք փաստել, որ նախօրեին, երբ պարզվեց, որ ԱԺ լիագումար նիստին ներկա է ընդամենը 5 պատգամավոր, ընդ որում` մեծամասնությունը «Ժառանգություն» խմբակցությունից, չորրորդ գումարման Ազգային ժողովը ցույց տվեց իր անգործունակությունը, հետեւապես` ցանկացած նախաձեռնության իրագործելիության անհնարինությունը», – նշում է կուսակցությունը:
Մյուս երկու փաստաթղթերի առնչությամբ «Ժառանգության» նախընտրական շտաբը անառարկելի ճշմարտություն է համարում, որ դրանց իրագործումն ապահովելու կարևոր պայմանը տվյալ փաստաթղթերի ոգուն և տառին հակասող մինչ այժմ ստորագրված քաղաքական փաստաթղթերի ստորադասումն է:
Կուսակցությունը նշում է, որ տարակուսանք է առաջացնում իր կողմից ներկայացրած առաջարկների մերժումը, այն է՝ փաստաթղթերը ստորագրել համապատասխան քաղաքական ուժերի առաջին դեմքերի մակարդակով, ինչպես նաև ներառել հատուկ կետ նախընտրական փուլում բացահայտ կամ քողարկված ընտրակաշառք բաժանելու, այդ թվում` քվեներ ստանալու ակնկալիքով բարեգործություններ իրականացնելու անթույլատրելիության մասին:
Հիշեցնենք, որ այդ առաջարկը «Ժառանգությունն» արել էր երեկ իր, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ձևավորած միասնական շտաբի նիստին՝ հայտարարելով, որ եթե առաջարկը չընդունվի, կուսակցությունը կարող է դուրս գալ շտաբից:
«Մենք անընդունելի ենք համարում ազատ եւ արդար ընտրությունների համար պայքարի նմանակումը և դրանում «Ժառանգությանը» ներքաշելու ամեն մի փորձ: Մյուս կողմից` մենք չէինք ցանկանա մտածել, որ ներքաշվելով որևէ իմիտացիոն գործընթացում, մինչեւ վերջերս ամբողջական իշխանափոխություն պահանջող կամ արմատական համարվող մեր ընդդիմադիր գործընկերներն ուրիշի «պետպատվերի» շրջանակներում փորձում են «բյուրեղացնել» մի նոր, սնամեջ, «օրինակարգության» պատրանք ստեղծող կոալիցիա:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, «Ժառանգության» նախընտրական շտաբը հայտարարում է, որ մնում է իր տեսակետին և պատրաստ է միանալ ցանկացած ոչ ձևական փաստաթղթի` լինի դա 9-ի, թե 4-ի ձևաչափով, միայն հետևյալ առաջարկների ընդունման դեպքում.
ա/ նմանատիպ նախաձեռնություններին կարող են մաս կազմել միայն այն քաղաքական ուժերը, որոնք ի սկզբանե չեն խախտում դրանցում ամրագրված դրույթները,
բ/ դրանք պետք է ստորագրվեն քաղաքական ուժերի առաջին դեմքերի մակարդակով` ամրագրված դրույթների կատարման համար թե անձնական եւ թե հավաքական պատասխանատվությունը որոշակիացնելու նպատակով,
գ/ փաստաթղթում պետք է ներառվեն պարզ ու շիտակ դրույթներ նախընտրական փուլում բացահայտ կամ քողարկված ընտրակաշառք բաժանելու, այդ թվում` կուսակցությունների կողմից քաղաքացիների անձնագրեր հավաքագրելու, քվեներ ստանալու դիմաց բարեգործություններ իրականացնելու անթույլատրելիության մասին:
Ամեն դեպքում մենք հաջողություն ենք մաղթում նախընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերին և լծվում մեր գործին` անելու այն, ինչ միշտ արել ենք մեր քաղաքական կենսագրության ընթացքում` ժողովրդի հետ միասին պայքարել ազատ ու արդար ընտրությունների, քաղաքացու յուրաքանչյուր քվեի համար: Մենք նաև պատրաստ ենք ընտրախախտումների վերաբերյալ մեր բոլոր փաստերն ու ապացույցները ներկայացնել ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև ցանկացած ձեւաչափով ստեղծված կառույցներին` անկախ պաշտոնապես դրանց միանալու կամ չմիանալու հանգամանքից», – ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ: