«Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, որը պետք է կայանար այսօր 15:00-ին Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, տեղի չունեցավ` կազմակերպիչների, հանդիսատեսի և լրագրողների անվտանգության նկատառումներից ելնելով:
Այս մասին Գյումրիում հանդիսատեսներին հայտնել է փառատոնի կազմակերպիչ, Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը:
Նա այդ տեղեկատվությունը հաղորդել է նաև Երևանից մեկնող մի քանի հանդիսատեսներին և լրագրողներին, ովքեր դեռևս գտնվում էին ավտոբուսում և Գյումրի չէին հասել:
Ըստ Վանյանի` երեկվանից մինչ այսօր ցերեկը Գյումրիում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ինքը չի բացառում նույնիսկ արյունահեղություն: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիմաց կատաղած ամբոխ էր հավաքվել, որոնց թվում նաև ՀՅԴ-ի դրոշներով մարդիկ կային, իսկ իրավապահ մարմինները չէին երաշխավորում միջոցառման մասնակիցների անվտանգությունը:
Վանյանի խոսքով` բողոքի ցույցի ժամանակ բախման դեպքեր են գրանցվել, սակայն երբ իր վրա հարձակման փորձ է եղել, իրավիճակը հսկող ոստիկաններն անմիջապես անհետացել են:
Վանյանը նշել է, որ փառատոնի դեմ կազմակերպված արշավը և կազմակերպիչներին ահաբեկելուն ուղղված կոչերը ուղղորդվում էին տեղի իշխանությունների և անձամբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից:
Վանյանը խոստացել է ավելի ուշ ծավալուն հայտարարությամբ հանդես գալ:
Հիշեցնենք, որ երեկ փառատոնի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ Վարդան Ղուկասյանը, մասնավորապես, ասել էր.
«Ես չեմ հավատում, որ նրանք հայ ազգից են սերում, նրանց արյան մեջ հոսում է թշնամու արյունը: Նման մարդկանց պետք է վռնդել Գյումրիից»:
Գեորգի Վանյանը երեկ ուշ երեկոյան նույնպես հայտարարությամբ էր հանդես եկել:
««STOP» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ հերթական զրպարտանքի արշավն է սկսվել:
ԶԼՄ-ներում և ապրիլի 11-ին Գյումրիում անցկացված հանրահավաքում կեղծ տեղեկություններ են տարածվել փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերի և միջոցառման նպատակների մասին: Պետական և հասարակական գործիչների կողմից ուղիղ սպառնալիքներ են հնչեցվել` թույլ չտալու համար փառատոնի անցկացումը օրենքի խախտման գնով: Նրանց ելույթները միջոցառման կազմակերպիչների, ինչպես նաև փառատոնի անցկացման համար տարածք տրամադրած կազմակերպության` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և փառատոնն այցելել պատրաստվող քաղաքացիների հանդեպ բռնի գործողությունների կոչեր էին պարունակում:
Հիմնվելով ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ հանրահավաքը լուսաբանող հայկական ԶԼՄ-ների ռեպորտաժների և տեսանյութերի վրա, հաշվի առնելով ականատեսների վկայությունները` հայտարարում ենք, որ փառատոնի շուրջ արհեստական լարվածության ստեղծման, հնարավոր սադրանքների և բռնության դրսևորման համար պատասխանատվություն է կրում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի գլխավորությամբ իրականացվում է տեռորի քարոզչությունը»: