Home / Հայաստան / Եթե վարչապետը որոշի… Արմավիրի մարզպետը պատրաստ է պաշտոնը զիջել գեներալ Մանվելի որդուն

Եթե վարչապետը որոշի… Արմավիրի մարզպետը պատրաստ է պաշտոնը զիջել գեներալ Մանվելի որդուն

Թեև պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ընդամենը երկու ամիս առաջ իր հարցազրույցներում հավաստիացնում էր, որ ոչ ինքը, ոչ էլ իր ընտանիքի անդամները քաղաքական դաշտ ներխուժելու հավակնություններ չունեն, սակայն հենց ինքը հայտնվեց ՀՀԿ համամասնական ցուցակի «թոփ 20»-ում:

Aravot.am-ը հիշեցնում է, որ վերջին երկու տարիների ընթացքում անընդհատ խոսվում էր, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է կնոջը պատգամավոր դարձնել թիվ 20 ընտրատարածքից, իսկ Էջմիածնի քաղաքապետ որդուն՝ Կարենին, թիվ 19-ից: Վերջին շրջանում խոսակցություններ էին շրջանառվում նաեւ, որ գեներալի որդին՝ Կարեն Գրիգորյանը, «աչք ունի» Արմավիրի մարզպետի աթոռին:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այս առնչությամբ aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ իրեն նշանակում է հանրապետության վարչապետը՝ նախագահի համաձայնությամբ:

«Եթե կգտնեն, որ ես լավ չեմ աշխատում… հո մարդը մշտապես իր պաշտոնը չի՞ զբաղեցնում: Բայց նման խոսակցություն կուսակցությունում երբևիցե չի եղել, և ես համոզված եմ, որ իմ աշխատանքից ղեկավարությունը դժգոհ չէ»,- ասել է նա:

Լուսանկարը` Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքից