Հայաստանում բոլորը դժգոհում են իրենց բախտից, բայց ոչ ոք իր խելքից չի դժգոհում: Ներկա վիճակում դժգոհողները հայտնվել են իրենց խելքից: Այս մասին Աբովյանում կայացած ՀԱԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:
Նա պատմել է, որ օրերս մի կին էր եկել իր մոտ` ասելով, որ փետրվարին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ինքը գումար է վերցրել և ընտրել է Միքայելյանի հակառակորդ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանին: Այսօր այդ կնոջ տանը լույսն անջատել են, և նրա երեխաները մթի մեջ են մնացել: Սասուն Միքայելյանը պատասխանել է նրան.
«Տիկին, դուք ինձ չեք ընտրել, բայց ինչո՞ւ եք վտանգել երեխաների ապագան`կաշառքով ձայն տալով ինչ-որ մեկին»:
Միքայելյանն ասել է, որ ինքն անասուն չէ, այլ մարդ, և ոչ ոք իրեն չի կարող ստիպել գումարով ինչ-որ մեկին ձայն տալ: Նա կոչ է արել բոլորին առաջնորդվել բանականությամբ և ձայնը չվաճառել:
Միքայելյանը նշել է, որ իշխանությունները ցանկանում են, որպեսզի մարդիկ երկրից արտագաղթեն, սակայն ինքն արտագաղթողներից չէ և պայքարելու է մինչև վերջ: