Ամերիկացի իտնականները մեկնաբանել են այսպես կոչված «ուրբաթ 13-ը» ֆենոմենի խորհուրդը, ըստ որի այս օրերին պետք է պատրաստ լինել անախորժությունների և խուսափել անհաջողություններից:
ԱՄՆ Կորնել համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Թոմաս Ջիկովիչը կարծում է, որ մարդիկ վախենում են ուրբաթի և 13 թվի համընկնումից, որովհետև նրանք սովորել են ասոցացնել այն բացասական իրադարձությունների հետ:
«Մեր գիտակցությունն իրենից ասոցիատիվ համակարգ է ներկայացնում, և եթե ձեր հետ որևէ վատ բան պատահի այդպիսի մի ուրբաթ օր, այդ երկու փաստերը ձեր գիտակցության մեջ կկապվեն միմյանց: Միաժամանակ դուք ենթագիտակցորեն արհամարհելու եք 13 թվի հետ համընկնող բոլոր այն ուրբաթները, երբ ոչ մի վատ բան չի կատարվում»,- պարզաբանում է գիտնականը:
Համաձայն Հյուսիսային Կարոլինայի Սթրեսների կառավարման կենտրոնի և ֆոբիաների ինստիտուտի տվյալների, 17-21 մլն մարդ տառապում է «սատանայական» ուրբաթի ֆոբիայից: Բժշկության մեջ այդ վախը դիտարկվում է որպես մարդկային ֆոբիաներից մեկը և երբեմն կոչվում է պարասկավեդեկատրիաֆոբիա (կազմված է հունական «ուրբաթ» և «տասներեք» բառերից):
Հարվարդի պրոֆեսոր Դենիել Վեգները մի քանի տարի շարունակ հետազոտել է ամենուր պատճառահետևանքային կապեր փնտրելու մարդկանց առանձնահատկությունը: Նրա խոսքով` մարդկանց մտքերը արտահայտվում են համապատասխան գործողություններում և արարքներում, սակայն մտքերը կարող են և սադրել որոշ գործողություններ, ինչպես դրական, այնպես էլ բացասական:
«Մեզ կարող է թվալ, որ մենք մշտապես մեզ ենք ձգում դժբախտությունները, սակայն իրականում մենք հաճախ ենք մտածում դրանց մասին, որից հետո էլ դրանք իսկապես պատահում են մեզ հետ»,-նշում է գիտնականը: Այսպիսով, ըստ Վեգների, նրանք, ովքեր վախենում են ուրբաթից, այդ օրը իսկապես կարող են որևէ դժբախտություն ապրել: