Այսօր Արաբկիր վարչական շրջանում կայացած Հայաստանի Հանրապետական կուսացության նախընտրական քարոզարշավին Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ակնկալիքով եկել էին նաև բանակում խաղաղ պայմաններում զոված զինծառայողների ծնողները, ում այդպես էլ չհաջողվեց հանդիպել նախագահին:
Նրանց հետ զրուցել է նախագահի օգնական Արմեն Աբելյանը, ով ծնողներին փոխանցել է, որ Սերժ Սարգսյանը զինդատախազ Գևորգ Կստանյանին համապատասխան հանձնարարական է տվել:
Ծնողները հակադարձել են, որ մինչ օրս բացարձակ ոչ մի առաջխաղացում չկա, և նախագահը մեկուկես տարի առաջ տված իր խոստումը չի կատարել. իրենց զավակների սպանութան մեջ մեղադրվողները մինչ օրս անպատիժ են: Նրանք պնդում էին, որ ունեն անհերքելի ապացույցներ և ուզում են դրանք փոխանցել անձամբ Սերժ Սարգսյանին:
«Սերժ Սարգսյանը մեր նախագահն էլ է չէ՞, մենք էլ ենք էս ժողովրդից, թող 5 րոպե մեզ ընդունի»,- ասել է զոհված Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանը, ինչին ի պատասխան Աբելյանն ասել է, որ նախագահը բոլորինն է, և ծնողներին խորհուրդ է տվել համբերել:
«Ինչքա՞ն համբերենք, 5 տարի է` համբերել եմ», – ասել է Գոհար Սարգսյանը:
Աբելյանը նշել է, որ հասկանում է ծողների դժբախտությունը:
«Դուք ոչինչ էլ չեք հասկանում, 11 տարվա մեջ երեք սպանված զինվոր են բերել միայն մեր գյուղ (Էջմիածնի Բաղրամյան- խմբ.), ապրիլի 7-ին երրորդ դիակը բերեցին», – ասել է Արայիկ Ավետիսյանի մայր Անահիտ Մկրտչյանը:
Զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, Աբելյանին հարցրել է` ոնց անեն, որ նախագահն իրենց ընդունի, ինչին Աբելյանը պատասխանել է` հիմա կմոտենա:
Ավել ուշ` ելույթի ավարտից հետո, Սերժ Սարգսյանն անցել է ծնողների կողքով, սակայն այդպես էլ նրանց չի մոտեցել: Բողոքող մայրերի մոտ հսկողություն իրականացնող ոստիկանները փակել էին տեսադաշտը, սակայն ծնողները վանկարկում էին` եթե լավ նախագահ ա, ինչո՞ւ չի մոտենում, դուք մարդասպան եք, թե մենակ երեխեքին տանել-հոշոտելով ա, ավելի շատ թող բերեն սպանված զինվորների, ամեն օր թող սպանեն, մեր երեխեքին սպանեցիք, հիմա էլ մեզ եք սպանում», – ասում էին նրանք:
«Այսքանից հետո էլ ասում է` հավատացեք, որ փոխվի, ի՞նչը պիտի փոխվի, հավատացել ենք չի փոխվել, փոխեք ձեր կարգախոսը»,- վանկարկել է Գոհար Սարգսյանը:
Epress.am- ի հետ զրույցում ծնողներն ասել են, որ չնայած նախագահն իրենց չմոտեցավ, քանի որ նրան զգուշացրեցին իրենց կողմ չնայել, այնուամենայնիվ, իրենք հետամուտ են լինելու և շարունակելու են իրենց ակցիաները Սերժ Սարգսյանի քարոզարշավի ողջ ընթացքում: