«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» կազմակերպությունը որոշում է կայացրել հետաձգել ապրիլի 17-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում նախատեսված «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը: Հիշեցնենք, որ ադրբեջանական ֆիլմերի դիտումը պետք է կայանար նաև ապրիլի 12-ին Գյումրիում «Ասպարեզ» ակումբի սրահում, սակայն մի խումբ մարդիկ խոչընդոտել են փառատոնի անցկացմանը՝ սպառնալով և բռնություն գործադրելով իրավապաշտպան Գեորգի Վանյանի նկատմամբ: Հետագայում մի քանի հանդիսատեսներ և լրագրողներ դիտել են ադրբեջանական ֆիլմերը Գյումրիից Երևան ճանապարհին ռեստորաններից մեկում:
«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնն» իր հայտարարության մեջ նշում է, որ տարբեր կառույցների կողմից, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, կինոդիտումների կազմակերպման համար հնարավոր բոլոր դահլիճների սեփականատերերի վրա գործադրվում են ճնշումներ, իսկ ահաբեկված սեփականատերերն իրենց կամքին ու կանոնադրական գործառույթներին հակառակ` հրաժարվում են օրենքով սահմանված գործարքներից:
«Սեփականատերերից առաջինը լինելով՝ Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը չընկրկեց և իշխանությունների համար արձանագրեց անսպասելի նախադեպ: Այս նախադեպը հանգեցրեց վերը նշված ճնշումների և ահաբեկումների հանրայնացմանը: Կտրուկ ուժգնացավ հրապարակային ահաբեկման, հերյուրանքի, զրպարտության և ապատեղեկատվության արշավը «Ստոպ» կինոփառատոնի շուրջ` ԶԼՄ-ների և բնակչության հետ անմիջական շփում ունեցող սադրիչների օգտագործմամբ: Կազմակերպվեցին «հասարակական ընդվզման» մասսայական միջոցառումներ, որոնց քողի տակ Գյումրիի և Շիրակի մարզի իշխանություներն իրականացրեցին ահաբեկչական ակցիա, վերջիններիս կողմից ղեկավարվող քաղաքային և մարզային ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բոլոր հիմքերն ունենք հայտարարելու, որ Վանաձորում նույն սցենարով բեմականացվելու է զանգվածների դժգոհություն և նույն մեխանիզմով փառատոնի կազմակերպիչները, ՀՔԱ գրասենյակի աշխատակիցներն ու փառատոնի հանդիսատեսները զրկված են լինելու անվտանգության բոլոր երաշխիքներից», – նշված է կենտրոնի հայտարարության մեջ:
Փառատոնի կազմակերպիչները նաև արձանագրում են, թե ՀՀ իրավապահ մարմինները չեն զբաղվում ապրիլի 12-ին Գյումրիի «Ասպարեզ» ակումբի շենքում և հարակից տարածքում կատարված օրինախախտ գործողությունների հետաքննությամբ, չեն կատարում և չեն կատարելու որևիցե գործողություն` Վանաձորում կայանալիք դիտման ժամանակ ՀՀ քաղաքացիների անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և ազատ հավաքների իրավունքն ապահովելու ուղղությամբ:
«Հայաստանում իրավապահ մարմիններն անգործության են մատնված: Բոլոր հիմքերն ունենք արձանագրելու, որ Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները չեն տվել ապրիլի 12-ին Գյումրիի «Ասպարեզ» ակումբի շենքում և հարակից տարածքում կատարված օրինախախտ գործողությունների իրավական գնահատականը և ոչինչ չեն ձեռնարկելու Վանաձորում կայանալիք դիտման ժամանակ ՀՀ քաղաքացիների անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և ազատ հավաքների իրավունքը պաշտպանելու նպատակով: Հայաստանում իրավապաշտպան կազմակերպություններն անգործության են մատնված:
Ստեղծված իրավիճակում Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը ստանձնում է ՀՀ Սահմանադրական կարգի պահպանության գործառույթը», – նշում են հայտարարության հեղինակները:
Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը նաև տեղեկացնում է, որ Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Վանաձորում հետաձգվում է՝ կեղծ հայրենասիրական կարգախոսների ներքո, ապրիլի 16-ին և 17-ին պլանավորված համազգային մոբիլիզացիան և վարժանքները կանխելու նպատակով:
«Վստահ ենք, որ մեր այս քայլով Վանաձորի բնակչության որոշ հատվածների ազատում ենք հերթական ադմինիստրատիվ շանտաժով բերման ենթարկվելու նվաստացումից, այսինքն`այսօր և վաղը.
– Դպրոցների բարձր դասարանների աշակերտներն ու ուսանողները կկարողանան մասնակցել իրենց բնականոն դասընթացին:
– Պետական հաստատությունների աշխատակիցները կմնան իրենց աշխատեղերում և կկատարեն հարկատուների կողմից վճարվող` իրենց աշխատանքային պարտականությունները:
– Կուսակցությունների նախընտրական շտաբները կզբաղվեն իրենց ընտրապայքարով:
– Հասարակական կազմակերպությունները կզբաղվեն իրենց ընթացիկ` մարդասիրական ու լուսավորչական նախագծերով:
Վստահ ենք, որ մեր այս քայլով, պատերազմում զոհ ունեցող որոշակի թվով մարդկանց ազատում ենք` ապրիլի 17-ին հանցագործություն կատարելու պարտավորվածությունից:
Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը մեկանգամյա միջոցառում չէ: Սա մարաթոնյան վազք է՝ մարդասիրական գաղափարների այլասերման և բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչությունից և դրա ազդեցությունից ազատվելու հասարակական գործընթաց», – եզրափակում են «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչները: