Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Ֆրանսուա Օլանդի հաղթանակը մտահոգությունների առիթ է ստեղծել Անկարայում, քանի որ նորընտիր նախագահը շատ ավելի լուրջ է տրամադրված Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման խնդրին, քան նրան նախորդող Նիկոլա Սարկոզին, թեև, միաժամանակ ակնկալվում է, որ նա շատ ավելի ճկուն կլինի Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալու հարցում, գրում է Today’s Zaman-ը:
«Ցեղասպանության մասին օրինագիծը կարող է փակուղի մտցնել ֆրանս-թուրքական հարաբերությունները: Այս հարցի շուրջ նույն քաղաքականությունը շարունակելով`երկու երկրների հարաբերությունները հակամարտությամբ կավարտվեն»,- պարբերականի հետ զրույցում ասել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրչուօղլուն` մեկնաբանելով Օլանդի` Ցեղասպանության օրինագծի հանդեպ ունեցած դիրքորոշումը:
Պարբերականը նշում է, որ 2007 թվականին Սարկոզին վետո դրեց Թուրքիայի հետ ԵՄ բանակցություններ սկսելու 5 գլուխների վրա: Անկարան հույս ունի, որ այս վետոն կվերանա Օլանդի պաշտոնավարման ընթացքում: Բուրչուօղլուն կարևորում է վետոյի վերացումը որպես երկկողմանի հարաբերությունների առաջընթացի կարևոր բաղադրիչ: Դեսպանը նաև նշել է, որ Սարկոզիի և Օլանդի հայացքներ մեջ հսկայական տարբերությունը կան, և, բացի դա, Օլանդը , ի տարբերություն Սարկոզիի, չի հայտարարել, որ ԵՄ-ն Թուրքիայի տեղը չէ: