Մոտ մեկ ժամ առաջ մի խումբ երիտասարդներ հերթական անգամ հարձակում են գործել Փարպեցի փողոցի վրա գտնվող «Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովային (Ծոմակ) պատկանող DIY ակումբի վրա: Այս մասին Epress.am-ին հայտնել է իրավապաշտպան Լալա Ասլիկյանը:
Նրա խոսքով` երիտասարդները այրել են ակումբը` պատերին թողնելով հետևյալ գրառումները. «Վերջ տանք Ծոմակին», «Ոչնչացնենք ֆաշիստների կենտրոնը», «Սպասեք հաջորդ հարձակմանը»: Իրավապաշտպանը նաև նշել է, որ ակումբն այրելուց հետո ազգայնական երիտասարդները ջուր են լցրել բարի ողջ տարածքում:
Նշենք, որ այսօր սա թվով երկրորդ հարձակումն էր ակումբի վրա: Նախորդ միջադեպը տեղի էր ունեցել կեսօրին, երբ Երևանի կենտրոնում մի խումբ հասարակական կազմակերպություններ փորձում էին «Բազմազանություն» խորագրով երթ անցկացնել: Վերջիններիս չի հաջողվել իրականացնել ակցիան, քանի որ նրանց խոչընդոտել են ազգայնական երիտասարդները` հայտարարելով, որ թույլ չեն տա իրենց երկրում «այլսերվածություն» տարածել: