Այս շաբաթվա սկզբին Չիկագոյում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքականության համար երկու կարևոր որոշում է ընդունվել: Լրագրողների հետ հանդիպմանը գագաթաժողովի իր վերլուծությունը ներկայացնելով` այս մասին ասել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Կարևոր որոշումներից առաջինը, ըստ բանախոսի, այն է, որ Վրաստանը հնարավորություն ստացավ անդամակցել ՆԱՏՕ-ին:
«Այսպիսիով, ՆԱՏՕ-ի կարևորությունը մեր տարածաշրջանում փոխվում է, ՆԱՏՕ-ն, հնարավոր է, ներգրավվի տարածաշրջանային գործընթացներում: Երկրորդ` ՆԱՏՕ-ն նախապատվությունը տրեց տարածքային ամբողջականության սկզբունքին` Վրաստանի և Մոլդովայի համար: ՀՀ նախագահի որոշումը չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին արդարացված է, որովհետև ՆԱՏՕ-ն, ի տարբերություն ԵԱՀԿ-ի, նախապատվությունը տալիս է միայն տարածքային ամբողջականությանը», – ասել է քաղաքագետը: Սաֆրաստյանը նկատել է, որ դա, իհարկե, չի նշանակում, որ ԱՄՆ-ն իր դերը կմեծացնի Լեռնային Ղարաբաղի հակամարկության լուծման գործընթացում: ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը, սակայն այլ տարածաշրջաններում մինչ այժմ ակտիվ ՆԱՏՕ-ն հիմա Հարավային Կովկասում ավելի մեծ ներգրավման ծրագրեր ունի:
Քաղաքագետը նշել է, որ այս միտումը դուր չի գալիս Ռուսաստանին: Նա կանխատեսել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը որոշակի փոփոխություններ կկրի, այն կկոշտացնի իր դիրքորոշումն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ` շեշտելով ռուսական ինքնությունը: