Ամեն հինգշաբթի նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներ Նանա Մուրադյանը, Գոհար Սարգսյանը ու Անահիտ Մկրտչյանն այսօր ակցիան անցկացրել են Ազգային Ժողովի շենքի մոտ, որտեղ պատահմամբ հանդիպել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
«Նախարարը դուրս էր եկել ԱԺ-ից ու Բաղրամյան – Դեմիրճյան խաչմերուկների անկյունում պատրաստվում էր մեքենա նստել և հանկարծ նկատեց մեզ: Մոտեցավ ու հարցրեց՝ ո՞նց եք: Ասացի՝ ո՞նց պիտի լինենք, վատ ենք, որովհետև մեր երեխեքին սպանել են ու ոչ ոք պատասխան չի տվել», – Epress.am-ի թղթակցին պատմել է Անահիտ Մկրտչյանը:
Նախարարի հետ զրույցում նա նշել է, որ իրենք մի քանի ամիս առաջ ՄԻ պաշտպանի գրությամբ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանից պահանջել են իրենց երեխաների քրեական գործերի վերաբերյալ պատկան մարմինների պատասխանները, սակայն մինչ օրս բոլորը լռում են:
«Ասացի, որ այդ պատասխանները մեզ խիստ անհրաժեշտ են, քանի որ ուզում ենք իմանալ՝ ինչ են մտածում մեր պաշտոնական այրերը մեր որդիների սպանությունների վերաբերյալ: Օհանյանն էլ ասաց, որ ինքը կփոխանցի Սամվել Նիկոյանին, որ մենք եկել ենք այդ պահանջով: Նաև ասացի, որ մայիսի 17-ին
ԱԺ-ի նամակների բաժնի վարիչ Հակոբ Հակոբյանը մեզ կանչեց, հարձուփորձ արեց, մենք էլ ասացինք՝ մեզ ընդամենը հարկավոր են գործերի պատասխանները: Նա ասաց, որ դրանք կուղարկվեն փոստով, ինչին մենք այդքան էլ չէինք հավատում: Մինչ օրս սպասում ենք ու այսօր եկել ենք նույն պահանջով՝ չնայաց ոչ մեկի «քնքուշ» դեմքին կարոտ չէինք», – ասել է Մկրտչյանը:
Զոհված զինվորների մայրերին Օհանյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը ցուցում է տվել ու այդ հարցերով զբաղվում են:
«Ի՞նչ են արել ու ո՞վ է զբաղվում այդ տված ցուցումով, քանի՞ տարի է ոչ ոք ոչինչ չի անում, ում են խաբում», – հարցրել են ծնողներն ու հավելել, որ իրենց պահանջն ուղղված է միմիայն նախագահին, ինչին ի պատասխան Օհանյանն ասել է. «Ես կարող էի չմոտենալ»
«Մենք էլ չէինք մոտենա» – նշել են մայրերը:
Նրանք նաև Օհանյանին խնդրել են օգնել 52 օր հացադուլի արած անազատության մեջ գտնվող զինծառայող Սուրեն Կիրակոսյանին, ով մայիսի 25-ին հացադուլից դուրս է եկել, և այժմ ծանր վիճակում գտնվում է Քրեակատարողական վարչության հիվանդանոցում::
«Ասացի, որ գնացել էինք դատավարության ու այդ տղային մահամերձ տեղափոխել են դատարան: Նախարարն ասաց՝ ինքը պետք է իր պատիժը կրի, քանի որ ինքնակամ լքել է զորամասը: Ասացինք՝ բուժեիք, թող էլի ծառայեր, Օհանյանն ասաց՝ ես մորը 3 անգամ ասել եմ, որ բերեն, տանենք բուժման, սակայն չի բերել: Նա նաև ասաց, որ մեր դեպքը չհամեմատենք Կիրակոսյանի դեպքի հետ, մենք էլ հակադարձեցինք՝ ի՞նչ տարբերություն, թողնենք Սուրենը մեռնի, մայրը սև հագնի, նոր համեմատե՞նք», – իրենց զրույցը փոխանցել են սևազգեստ մայրերը:
Նանա Մուրադյանի խոսքով՝ նախարարը հանդիպման ժամանակ հորդորել է բանակում կատարված ցանկացած անօրինության համար դիմել իրեն կամ իր ընտանիքի անդամներից որևէ մեկին ու իրենք անպայման կօգնեն:
«Ո՞վ այդքան ռիսկ ունի գա ու բողոքի, երեխեքը վախենում են: Ո՞վ ասի մի բան, հենց հաջորդ օրը երեխուս պես դիակը կբերեն: Մի բառ ասողին սպայական անձնակազմը այնքան կծեծի, մինչև կմեռնի կամ հաշմանդամ կդառնա», – ասել է Մուրադյանը:
Որդեկորույս մայր Անահիտ Մկրտչյանը Օհանյանի ասել է, որ իրենք սպասում են շուտափույթ պատասխանի, հակառակ դեպքում իրենց քայլերի համար պատասխանատու չեն:
«Ասացի՝ պատժեք երեխուս սպանողին, հակառակ դեպքում ես ձեզ եմ սպանելու, քանի որ դուք սատարում եք մարդասպանին: Նախարարն էլ ասաց՝ դե սպանի: Ասացի՝ այս պահին չեմ անի, բայց դուք դրան եք արժանի ու իմացեք, որ հիմա ասում եմ, բայց մի օր հաստատ կանեմ», – եզրափակել է Մկրտչյանը: