Այսօր ՀՀ կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընթերցել է Սահմանադրության 55-րդ հոդվածի պահանջը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը և հաշվի առնելով, որ 2012 թ. մայիսի 31-ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, ես Հանրապետության Նախագահին եմ ներկայացրել կառավարության հրաժարականը: Միևնույն ժամանակ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել կատարել մեր պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը», – ասել է Տիգրան Սարգսյանը։
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության կայքը, նիստի ավարտին ՀՀ քաղաքաշինության նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանը, հաշվի առնելով, որ կառավարությունն արդեն հրաժարական է տվել և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ քաղաքական որոշում է կայացրել, շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին հինգ տարվա համատեղ աշխատանքի համար, բոլորին հաջողություն և առողջություն մաղթել։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ի պատասխան ասել է. «Ես էլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործընկերներին, ովքեր մեզ հետ այս տարիների ընթացքում կառավարության ծանր լուծը տարել են իրենց ուսերի վրա։ Շնորհակալություն»։
Epress.am Լուրեր Հայաստանից