2005-2010 թվականնների ընթացքում իր որդու երկու կանանց դաժանաբար խոշտանգած Հայկանուշ Միքայելյանի դեմ հարուցված գործի քննության առաջին երկու նիստերից հայցվոր կողմը դժգոհ է և պահանջում է դատավորի ինքնաբացարկը:
Այս լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Միքայելյանի երկրորդ հարս Մարիամ Գևորգյանի ներկայացուցիչ Նորա Գալստյանը:
«Դատավորը առաջին նիստի ժամանակ` մայիսի 14-ին` առանց որևէ մեկի միջնորդության արգելեց ԶԼՄ-ներին նկարահանում անցկացնել դատարանի դահլիճում: Մայիսի 29-ին, արդեն գործով տուժող առաջին հարս` Մելինե Բայաթյանի միջնորդությամբ որոշում է կայացրել, որ բոլոր նիստերը այսուհետ դռնփակ է լինելու: Այս որոշումը վկայում է այն մասին, որ դատավորը անկողմնակալ չէ: Որոշման պատճառաբանությունը 5 նախադասություն է, որում չեն ներկայացնում ապացույցներ, որ փակ դատավարությունը չի խոչընդոտի գործի արդար դատավարությանը և չի սահմանափակի ԶԼՄ-ների լուսաբանման իրավունքը», – ասել է իրավաբանը` հիշեցնելով, որ այս երկու կետերի բավարարման դեպքում միայն կարելի է փակ դատավարություն անցկացնել:
Հիշեցնենք, որ Դավիթ Զիրոյանը և նրա մայր Հայկանուշ Միքայելյանը կենցաղային իրերով` դանակով, շերեփով, աթոռով պարբերաբար ծեծել են Զիրոյանի կանանց, ստիպել նրանց օճառ կուլ տալ, մեկ ոտքի վրա կանգնեցրել չջեռուցվող սենյակում:
Դավիթ Զիրոյանի դեմ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 118 (ծեծ) հոդվածներով, սակայն նախաքննության ընթացքում ընդունել է իր մեղքը և, 2011 թվականին համաներում ստանալով, խուսափել քրեական պատասխանատվությունից: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 և 119 (խոշտանգում) հոդվածներով:
Նախաքննության փուլում Զիրոյանի առաջինը կինը բողոքում նշել է, որ սկեսուրի ծեծի հետևանքով է իր մի աչքը կուրացել, ուստի մեղադրանքը առաջադրվել է 112 հոդվածով (ծեծելով ծանր մարմնական վնասվածքներ հասցնել): Սակայն հետագայում Մելինե Բայաթյանը հետ է վերցրել իր ցուցմունքի այդ հատվածը, ինչի պատճառով էլ մեղադրանքը մեղմացվել է:
Դատական նիստերը բաց անցկացնելու պահանջով այսօր Մարիամի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ընդդեմ կանանց հանդեպ բռնության» կոալիցիան 14:00-ին բողոքի ակցիա է սկսել ՀՀ դատախազության շենքի մոտ: