Ադրբեջանում ընդդիմությունը խիստ զայրացած է տեղեկություններից, որոնց համաձայն` Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան շահութաբեր աշխատանք է ստացել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում», – գրում է Huffington Post-ը։
Անցած շաբաթ ադրբեջանական աղբյուրները հաղորդեցին, թե նախկին դեսպանը, որն ընդամենը մեկ տարի աշխատեց այս պաշտոնում՝ հայկական լոբբիի դիմակայության պատճառով, դարձել է վառելիք ներկրող թուրքական Turcas Petrol ընկերության վարչության նախագահը։ Turcas-ը մի շարք համատեղ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ, բացի այդ, Huffington Post-ը նշում է, որ որոշ հաղորդումների և տարածաշրջանում լույս տեսնող թերթերի համաձայն` ադրբեջանական պետական ընկերությունը նաև մասնակի տնօրինում է Turcas-ը, որտեղ Բրայզան աշխատանքի է անցել։
«Այս տեղեկությունը ամենաթարմ վկայությունն է, թե որքան է վախվորած Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը Ադրբեջանի՝ նավթով հարուստ, սակայն բռնապետական վարչակազմից», – թերթին գրել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Մուրադ Հասանլին, ով այժմ բնակվում է Լոնդոնում։
Հասանլին նաև ընդգծել է, որ Բրայզայից առաջ ամերիկացի այլ դիվանագետներ էլ են շահեկան գործի անցել Ադրբեջանում. այսպես, Սթենլի Էսկուդեյրոն, ով Միացյալ Նահանգների դեսպանն էր Ադրբեջանում 1990-ական թվականներին, պաշտոնավարումն ավարտելուց հետո մնաց Բաքվում և այժմ ղեկավարում է Shield Bearer խորհրդատվական ընկերությունը, բացի այդ, հանդիսանում է Ադրբեջանի Ամերիկյան առևտրի պալատի փոխնախագահը և, ըստ ընդդիմադիր գործչի, նաև Ադրբեջանի քաղաքացիություն ունի։ Ադրբեջանի նավթային ոլորտի հետ սերտ կապերով է աչքի ընկնում նաև նախագահ Օբամայի կողմից առաջադրված դեսպանի նոր թեկնածուն՝ Ռիչարդ Մորնինգսթարը, որի հաստատման շուրջ քննարկումները ամերիկյան Սենատում նախատեսված են առաջիկա չորեքշաբթի օրը։
«Մորնինգսթարը տարածաշրջանում էներգետիկ ծրագրերը առաջ տանող առանցքային գործիչներից մեկն է», – Huffington Post-ին ասել է ադրբեջանցի ընդդիմադիրը և հավելել. «Նրա առաջադրումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի հարաբերությունները կարող են բնորոշվել միայն մեկ արտահայտությամբ` նավթի մեջ թաթախված. մոռացե՛ք մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին», – եզրակացնում է Հասանլին։
Huffington Post-ը նշում է, որ իրենց չի հաջողվել կապ հաստատել Մեթյու Բրայզայի հետ, ոչ էլ Պետդեպարտամենտի պաշտոնյաներն են արձագանքել այս տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին։
«Անշուշտ, որևէ անօրինական կամ անվայել բան չկա, երբ նախկին դեսպանը աշխատանքի է անցնում մի երկրում, որտեղ դիվանագիտական ծառայություն է իրականացրել, սակայն ադրբեջանցի ընդդիմադիրները պնդում են, թե այս քայլը ընդհանուր առմամբ համապատասխանում է այն ընկալմանը, թե ամերիկյան վարչակազմը լրջորեն չի վերաբերվում իրենց մտահոգություններին՝ մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ», – գրում է ամերիկյան պարբերականը։
Թեև Ադրբեջան կատարած վերջին այցի ընթացքում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպեց այցի նախօրեին բանտից ազատված երիտասարդ ակտիվիստ Բախտիար Հաջիևին, այդուամենայնիվ, ընդդիմադիրները սա բավարար չեն համարում։ «Դա ընդամենը ճարպիկ հնարք էր՝ քողարկելու այն փաստը, որ Քլինթոնը մերժեց հանդիպել առավել բարձրաստիճան ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների հետ», – ասել է Լոնդոնում գործող ընդդիմադիր Մուրադ Հասանլին։
Հոդվածի ավարտին Huffington Post-ը փաստում է. «Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները առանցքային նշանակություն կունենան Միացյալ Նահանգների համար՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերման գործընթացում։ Բացի այդ, այս երկիրը նաեւ հանդես է գալիս որպես Միացյալ Նահանգների և Իսրայելի կարեւոր դաշնակիցը՝ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու ջանքերում»։
Թարգմանությունը` azatutyun.am կայքի