Ցմահ դատապարտյալների իրավունքներով զբաղվող հասարակական նախաձեռնության անդամները, ինչպես նաև որոշ իրավապաշտպաններ կոչ են անում ցմահ ազատազրկում կրող Մհեր Ենոքյանին հրաժարվել չոր հացադուլից և շարունակել պայքարը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտատարել է, որ Հայաստանի դատական իշխանությունները բացարձակ անտարբերություն են ցուցաբերում ցմահ դատապարտյալների նկատմամբ:
«Իմ համոզմամբ` իշխանությունները չեն ուզում ցմահ դատապարտյալների հարցով զբաղվել: Չեն ուզում ընդունել, որ նման դաժան պատիժ սահմանելու հարցում սխալվել են: Վերանայված գործի ոչ մի նախադեպ չկա: Երբ ընդունվեց օրենք առավելագույն պատիժը 15-ի փոխարեն 20-25 տարի սահմանել, հիանալի առիթ ստեղծվեց գործերը վերանայելու համար, սակայն դրանից հետո էլ ոչ մի գործ չվերանայվեց»,- ասել է Իշխանյանը:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը այսօրվանից սկսում է հացադուլ. նա հրաժարվում է և հացից, և ջրից: Նման կերպ Ենոքյանը պայքարում է նրա դեմ, որ իր բողոքը վճառբեկ դատարանում վարույթ չի ընդունվել, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դեմ, որը մերժել է Ենոքյանի բողոքը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ:
Քոչարյանը ներում էր շնորհել Ենոքյանին, ում մահապատիժը փոխվել է ցմահ դատապարտման, սակայն, ինչպես նշում են փաստաբանները, նախագահը իրավունք չունի պատիժ սահմանել:
Ցմահ դատապարտյալների իրավունքներով զբաղվող ՀԿ-ի անդամ Զարուհի Մուրադյանը ևս միացել է կոչին դատարեցնել չոր հացադուլը: Բանախոսը հիշեցրել է, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի մի կուրսընկերոջ ցուցմունքով միայն, ով հետագայում խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը և, իր 15 տարվա պատիժը կրելով,ազատ է արձակվել:
ՀԿ-ն աջակցել է, որպեսզի Ենոքյանի գիրքը հրատարակվի, իսկ գրքի շահույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների հիմնադրամին:
Ենոքյանի մայրը` Վարդուհի Օհանյանը, ասել է, որ իրենք արդատ դատավարության համար պայքարում են արդեն 16 տարի:
«Որդիս երկու անգամ փախուստի է դիմել, մեկ անգամ ինքնասպանության փորձ կատարել: Հիմա խնդրում եմ նրան հույսը չկորցնել, թեև մենք միշտ բետոնի պատի ենք հանդիպել մեր պայքարում»,- ասել է Վարդուհի Օհանյանը:
Ենոքյանի գործով զբաղվող իրավապաշտպանները նախատեսում են հանդիպում ունենալ ԱԺ պատգամավորների հետ: