Օրերս Մոսկվայում կայացել է նախկին Խորհրդային Միության 12 պետությունների իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ժամանակ որոշում է կայացվել ստեղծել Եվրասիայի քաղաքացիական իրավունքների կոալիցիա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, որի գլխավորած կազմակերպությունը ներկայացնելու է Հայաստանը Կոալիցիայում:
«Այդ կոլաիցիայի մեջ են, մասնավորապես, Մոսկվայի Հելսինկյան խումբը, Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնը, Բելառուսի Հելսինկյան կոմիտեն, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի իրավապաշտպան կազմակերպություններ: Կոալիցիան այլ երկրների համար նույնպես բաց է: Մենք տեղյակ ենք, որ արդեն Աֆղանստանի իրավապաշտպան կազմակերպությունը ուզում է միանալ մեզ», – ասել է Միքայել Դանիելյանը:
Նորաստեղծ կոլաիցիայի հիմնական նպատակն է պայքարել մարդու հիմնարար ազատությունների համար:
Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել և հավանաբար հուլիսին կազմակերպությունը կսկսի աշխատել: Կոալիցիան նպատակ ունի Մոսկվայում ստեղծել երիտասարդ իրավապաշտպանների համար դպրոց, որտեղ հայտնի իրավապաշտպանները դասընթացներ կանցկացնեն ակտիվիստների համար: