Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: Այս մասին այսօր «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացմանը հնչեցրած իր խոսքում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով Համաշխարհային բանկի մրցունակությանը վերաբերող վերջին զեկույցին, որի համաձայն Հայաստանն առաջ է շարժվել 6 կետով:
«Վերլուծաբաններն ի նկատի ունեն այն, որ մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, քան 2008 թվականին, և այդ առումով, նրա դիմադրողականությունն էապես բարձրացել է: Կարող ենք արձանագրել, որ այդ գործում իր կարևոր դեկատարությունն ունի նաև ՏՏ ոլորտը, որը նույնիսկ 2009 թվականին, երբ շինարարության ոլորտում տեղի ունեցավ 42 տոկոսանոց անկում, արձանագրեց 27 տոկոսանոց աճ: Այդ աճի տեմպերը վերջին 5 տարիների ընթացքում եղել են կայուն»,- նշել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ ՏՏ բնագավառում զբաղվածների քանակը ներկայում հավասար է հանքահումքային ոլորտում զբաղվածների քանակին, իսկ աշխատավարձերի մակարդակն ավելի բարձր է:
Սա, Տիգրան Սարգսյանի խոսքերով, կարևոր հանգամանք է, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաները բարձրացնում են արտադրողականությունը տնտեսության բոլոր ճյուղերում, ինչը ենթադրում է, որ Հայաստանն ունենալու է ավելի դիվերսիֆիկացված հզոր տնտեսություն, որը պետք է պատրաստ լինի նոր մարտահրավերների:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը 5 տարի առաջ ինտերնետ սպառողների քանակով, ինտերնետի սակագնով, հասանելիությամբ, տարածվածությամբ և ենթակառուցվածքներով զիջում էր իր հարևան պետություններին:
«5 տարի անց մենք զեկուցում ենք, որ այս բոլոր ցուցանիշներով մենք տարածաշրջանում առաջինն ենք: Սա կարևոր նվաճում է Հայաստանի տնտեսության համար», – նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը լրջորեն է տրամադրված ինչպես օգնելու այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին, այնպես էլ խթանելու մրցակցութունը:
Վարչապետի խոսքերով՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կառավարության առջև դնում են մեկ և կարևորագույն խնդիր՝ ապահովել կադրերի պատրաստում:
«Կադրերի պատրաստման այն քանակը, որն այսօր մեր բուհական համակարգը մատակարարում է, բավարար չէ: Պահանջարկը տարեկան 20-30 տոկոսով գերազանցում է այն հնարավորություններին, որոնք առկա են բուհական համակարգում: Մենք ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել ենք, որ կտրուկ կավելացնենք պետական պատվերը բուհերում և ՏՏ ոլորտի համար կադրերի պատրաստումը կհամարենք առաջնահերթություն: Այսինքն, ֆինանսական միջոցների ներդրումն այս ուղղությամբ պետք է էապես ավելանա»,- նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այս ուղղությամբ համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: Առկա են համալսարաններում լաբորատորիաների ձևավորման հետաքրքիր ծրագրեր, որոնք ստեղծվելու են համաֆինանսավորման սկզբունքով՝ պետության, միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի համագործակցությամբ:
Միաժամանակ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Գյումրու տեխնոպարկում արդեն արդյունավետ գործում են հինգ լաբորատորիաներ: