Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը, ով պայքարում է իր դեմ ընդունված դաատվճիռը չեղյալ համարելու և նոր դատաքննություն անցկացնելու համար, դադարեցրել է հացադուլը:
Ենոքյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը Epress.am-ի հետ զրույցում ասել, որ Ենոքյանը, իր հայտարարության համաձայն, հունիսի 11-ից հացադուլի մեջ է եղել. նա հրաժարվել էր, ոչ միայն ուտելիքից, այլև ջրից: Փաստաբանի խոսքով` Ենոքյանը երկու օր տևած հացադուլի ընթացքում եղել է բժիշկների վերահսկողության տակ: Ինչպես Ենոքյանը հայտնել է իրեն այցելած իավապաշտպաններին, հացադուլի դադարեցման պատճառն այն է, որ հասարակությունը սկսել է ուշադրություն դարձնել գործի ընթացքին, իրեն սատարող ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող հասարական նախաձեռնությունը հետամուտ է լինում գործին և կոչ է արել Ենոքյանին շարունակել պայքարը:
Ենոքյանը, սակայն, ասել է, որ ժամանակավոր է դադարեցնում պայքարը և հետևելու է, թե ինչ ընթացք է ստանում իր երկու բողոքների քննությունը:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանի վճռաբեկ դատարան է դիմել` նոր քննություն սկսելու պահանջով, քանի որ, ըստ նրա, նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որ ապացուցում են իր անմեղությունը: Նա մեղադրվում էր 1996 թվականին համակուրսեցուն սպանելու մեջ: Սակայն հետագայում միջադեպի մասնակիցներից մեկը, ով նույնպես անցել է սպանության գործով, խոստովանել է իր մեղքը, 15 տարվա պատիժ կրել և ազատվել բանտից:
Ենոքյանը ևս մեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան` վիճարկելու առաջին ատյանի դատարան մայիսի 17-ին ընդունած որոշումը մերժել հայցը, որով Ենոքյանը պահանջում էր իրեն ներում շնորհել և ցմահ ազատազրկում պատիժ սահմանելու մասին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանը անօրինական ճանաչել: Նշենք, որ Ենոքյանը ի սկզբանե դատապարտված է եղել մահապատժի: