ՌԴ հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը իր «Ինչո՞ւմ է Վրաստանի հետ արյունոտ հակամարտության տարօրինակությունը» հոդվածում անդրադառնալով ռուս-վրացական հակամարտությանը և հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությանը` նշում է, որ այս պատերազմի տարօրինակությունը դրա խորքային անբնական ողբերգականության մեջ է և որ այն 20-ամյա «բարդակի» արդյունք էր, իսկ դրա հետևանքները, ջանք չգործադրելու դեպքում, պատմական ծավալների հասնող աղետների կարող են վերածվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:
«Վրաստանի հետ երկխոսություն սկսել չի նշանակում մեխանիկորեն վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան: Այնպես, ինչպես շփումը Ադրբեջանի հետ չի նշանակում Լեռնային Ղարաբաղի փոխանցում»,- հեղինակի խոսքերն է փոխանցում Regnum գործակալությունը:
«Խնդիրը բոլորովին այլ է: Ես վստահ եմ, որ իսկական պատմաբանը պարզապես պարտավոր է հասկանալ պատմական իրադարձությունների մետաֆիզիկան, մշակույթների, երկրների ճակատագրերի և ազգերի միջև փոխհարաբերությունները: Վրաստանը, ինչպես նաև Հայաստանը, հսկայայական կարևորություն ունեն Ռուսաաստանի համար և ոչ միայն աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այս երկրները և ժողովուրդները պահպանում են ռուսական մշակույթի արմատական համակարգը: Ճիշտ ասած, մենք էներգետիկ առումով պետք ենք իրար: Բացի դա, մեզ համար օգտակար կլիներ սովորել մեր հարավային հարևաններից, ինչպես պետք է պահպանել ընտանեկան արժեքները, ավանդույթները, միասնականությունը»,-մասնավորապես, գրում է նա:
Դվորնիկովի կարծիքով` հետևելով չհաշտեցվող մարտիկների տրամաբանությանը, կարելի է բոլոր քարտեզների վրա Վրաստանի հատվածը սև գույնով ներկել, «արգելել Դանելիայի ֆիլմերը (Գեորգի Դանելիա` ազգությամբ վրացի, խորհրդային հայտնի ռեժիսոր) և ջնջել Զուրաբ Սոտկիլավայի (օպերային երգիչ) բոլոր ձայնագրությունները, բայց արդյո՞ք դա կլուծի խնդիրը»: