«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը այսօր հայտարարել է, որ հունիսի սկզբին hայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտումները հակամարտության լուծումը դարձրել են հրամայական:
«Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ կողմերը կամ պետք է ադապտացվեն դրան, կամ պետք է գնալով խախումները շատանան: Հաշվի առնելով կողմերի անվստահության բարձր մակարդակը, պարզ է, որ հնարավոր չէ կողմերին պարտադրել որևէ լուծում»,- ասել է Սաֆարյանը:
Բանախոսը կանխատեսել է, որ պատերազմի վերսկսումը անհավանական է, քանի որ նախ, ըստ նրա, ադրբեջանական բանակը չունի ներուժ հաղթանակ տանելու, երկրորդ` այդ դեպքում ջուրը կընկներ միջազգային հանրության ջանքերը ուղղված խաղաղության հաստատմանը, երրորդ` դա կարող է խանգարել մուտքի վիզայի դյուրացման գործընթացին:
Անդրադառնալով ԼՂՀ-ում ընտրություններին` Սաֆարյանն ասել է, որ «Ժառանգությունը» չի աջակցում թեկնածուներից որևէ մեկին, քանի որ հարգում է հանրապետության սուվերենությունը: Այնուհանդերձ, բանախոսը նկատել է, որ այդ ընտրությունների արդյուքները կարևոր են լինելու հակամարտության լուծման համար:
Խոսելով Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորի մանդատը վայր դնելու և թիվ 1 ընտրատարածքում նոր ընտրությունների մասին՝ Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ ինքը կառաջադրվի, եթե Հայրապետյանը միտքը չփոխի և ետ չվերցնի ինքնաբացարկի դիմումը:
«Հարսնաքարում տեղի ունեցածը ինքնադատաստանի դրսևում էր: Հասարակության մի անդամ իրեն թույլ տվեց դատարանի վճիռ ընդունել, որը տվյալ դեպքում դարձավ մահվան դատավճիռ: Հասարակության խնդիրը հիմա պատժելիության ինստիտուտի հաստատումն է»,- ասել է Սաֆարյանը: