Home / Հայաստան / ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և ՀԴԿ-ին դատի են տվել ինֆորմացիա չտրամադրելու համար

ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և ՀԴԿ-ին դատի են տվել ինֆորմացիա չտրամադրելու համար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հուլիսի 4-ին hրապարակել է «Սև ցուցակ», որտեղ հավաքել են այն պաշտոնյաների ցանկը, ովքեր ոտնահարել են տեղեկատվություն ստանալու իրավունքը: Կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանի խոսքով` տարվա առաջին եռամսյակում Վարդենիսի և Վանաձորի քաղաքապետերն են եղել ցուցակում, այնուհետև հայտնվել են նաև կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, Դեմոկրատական կուսակցությունը, ՀԱԿ-ը:

Բացի ՀՀԿ-ից, նշված երեք կուսակցությունները չեն պատասխանել հարցին, թե որքան գումար են ծախսել նախընտրական արշավի վրա: ՀՀԿ-ն պատասխանել է, որ նախընտրական քարոզարշավի վրա ապրիլի 27-ի դրությամբ ծախսվել է 77 միլիոն 76 հազար 146 դրամ, որից 15 միլիոնը սեփական միջոցներ են եղել:

ՀՀԿ-ն հայտնվել է սև ցուցակում, քանի որ չէին պատասխանել Կենտրոնի կատարած հարցումներին` մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի ` փուչիկների պայթյունի հետ կապված, այն է` ինչ ընկերությունից են գնվել փուչիկները հարցին:

Ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ իրենք չեն ստացել որևէ նամակ Ինֆորմացիայի ազատության կենտրոնից: Գևորգ Հայրապետյանը չի բացառել, որ հարցումը տեխնիկական խնդիրների պատճառով չի հասել հասցեատիրոջը, սակայն հիշեցրել է, որ ՀՀԿ-ն պատասխանել է իր ծախսերի մասին հարցմանը:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ բանավոր պատասխան է տվել հարցմանը, ինչը, սական, կազմակերպությանը չի բավարարել:

Տեղեկատվության իրավունքի խախտման համար կազմակերպությունը դատի է տվել երեք՝ ՀԴԿ, ԲՀԿ, ՀԱԿ  քաղաքական ուժերին: