Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյան տեղյակ չէ, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը իրենց դատի է տվել, քանի որ իրենք, ըստ Կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանի, չեն տրամադրել տեղեկատվություն նախընտրական քարոզարշավի վրա ծախսված գումարի վերաբերյալ:
Epress.am-ի հետ զրույցում Ջհանգիրյանն ասել է, որ իրենք այդ տեղեկատվությունը գաղտնի չեն պահել:
«Մենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել ենք, թե մեր հաշվեհամարի վրա որքան գումար կա, թե որքան ենք ծախսել, և նաև մեր մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներն են դա ներկայացրել: Այնպես որ, դա գաղտնիք չի եղել: Թող դիմեն ԿԸՀ և այնտեղից վերցնեն այդ ինֆորմացիան: Կարծում եմ՝ ԿԸՀ-ի հաշվետվություններում դա կլինի»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը:
Այս հարցի հետ կապված մենք զրուցել ենք նաև ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ, ով նշել է, որ գումարները չտրամադրելու մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ պետական լիազոր մարմինը անընդմեջ հսկողություն է սահմանել իրենց հիմնադրամի նկատմամբ:
«Երկրորդ՝ ԿԸՀ-ի կայքում այդ ինֆորմացիան տեղադրված է եղել, երրոդ՝ իրենց հարցմանը համապատասխան կուսակցության աշխատակազմի ղեկավարից պատասխան ստացել են, որն իրենց չի բավարարել, և չորրորդ՝ ես 24 ժամ աշխատում եմ, ցանկացած պահի պատրաստ եմ եղել իրենց պատասխանել»,- ասել է Տիգրան Ուրիխանյանն ու եզրափակել. «Թող դիմեն (նկատի ունի դատարան – խմբ.), և եթե վարույթ հարուցվի, մենք կձեռնարկենք համապատասխան քայլեր:
Հիշեցնենք, որ տեղեկատվության իրավունքի խախտման համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տվել երեք՝ ՀԴԿ, ԲՀԿ, ՀԱԿ քաղաքական ուժերին: