«Հայ հեղափոխական դաշնակցությունը» որոշել է սեփական թեկնածուով գնալ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Մենք պետք է առաջիկա նախագահական ընտրություններին գնանք սեփական թեկնածուով: Նախագահական ընտրությունների վերջնական որոշումը վերապահվել է Գերագույն ժողովին, որը որոշել է սեփական թեկնածուով գնալ»,- Արմեն Ռուստամյանի խոսքերն է փոխանցում aravot.am-ը:
«Այսքան տարի մենք ժողով ենք անում, և մի բացառություն չի եղել, որ ժողովից առաջ ստահոդ լուրեր չեն տարածվել, որ ՀՅԴ-ի մեջ ինչ-որ թևեր են առաջացել, պառակտումներ կան և այլն: Այդ լուրերը չարդարացան, որովհետև ստահոդ լուրեր են», – ասել է Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ ժողովում թեժ քննարկումներ են եղել, և նոր Գերագույն մարմինը պետք է աշխատի վերացնել բոլոր այն թերությունները, բացասական երևույթները, որոնք Գերագույն ժողովում քննարկվել են:
Իրենց առջև դրած հիմնական խնդիրներից մեկը ՀՅԴ-ական գործիչը համարում է գործող իշխանության հեռացումը. «Շատ հստակ է, որ պետք է շատ կոնկրետ հարցադրումներով մտնել հրապարակ, համախմբել ընդդիմադիրներին ու հասարակությանը այդ գաղափարի շուրջ՝ նախ դա Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով պետք է տեղի ունենա, որ հրաժարվեն այս նախագահական համակարգից և անցնենք խորհրդարանական համակարգ: Անհրաժեշտ է ապակենտրոնացնել իշխանությունը, վերահսկման և զսպման մեխանիզմներ կիրառել այս իշխանության մեջ: Որ այդ ամենը չմնա թղթի վրա, պետք է ընդդիմությանը տալ իշխանություններին վերահսկելու լծակներ, ընդդիմությունն է լինելու այն ուժը, որ կարող է հակակշռել իշխանություններին: Այդպիսի լծակներ այսօր ընդդիմությունը չունի: Այս ուղղությամբ նորընտիր Գերագույն մարմինը պետք է արագ քայլեր ձեռնարկի, դրան կնպաստեն առաջիկա նախագահական ընտրությունները»: