Կանադայում բնակվող գրող, արվեստի քննադատ Արա Բալիոզյանի կարծիքով՝ Հայաստանի մեծագույն խնդիրն այն է, երկրում չկա խոսքի իրավունք, քանի որ առանց դրա հնարավոր չէ երկխոսություն և առաջընթաց:
«Մենք պետք է մեր ապագան կառուցենք, օրինակ, Շվեյցարիայի մոդելով, այլ ոչ թե Խորհրդային Միության, որտեղ խոսքի իրավունք չկար: Երկիրը թեև անկախացել է, բայց ազատ չէ իրականում մոսկովյան տիրապետությունից: Ռեժիմի գլխին կանգնած են նախկին ԿԳԲ-ի գործակալներ: Տարբերությունն այն է, որ Ստալինի օրոք կոռուպցիա էր իշխում, հիմա` և կոռուպցիա, և արտագաղթ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Բալիոզյանը:
Նա խոսքով ` հայաստանցիների մոտ կա ազատության սխալ ընկալում. նրանք մտածում են, որ ազատությունը հակասում է իրենց տարածքային, տնտեսական, սոցիալական և մշակութային շահերին, իրականում ճիշտ հակառակը, ազատությունը ալֆան ու օմեգան է ցանկացած իրավունք պահպանելու համար:
Հետևելով հայաստանյան իրադարձություններին՝ գրողը նկատել է, որ մարդիկ հաճախ անհանդուրժող են իրենցից տարբեր մարդկանց հանդեպ, ինչը, ըստ նրա, բնորոշ չէ հայերին, այլ հետևանքն է իշխանության ճնշման կամ հատուկ է հրահրվում իշխանությունների կողմից:
«Ազգային սիմվոլները չարաշահելով` իշխանությունները փորձում են մարդկանց կույր դարձնել համամարդկային արժեքների հանդեպ: Նրանք սերմանում են վախ, ինչը հզոր զենք է մարդկանց հնազանդ պահելու համար: Մարդկանց արժեքներ են տրվում պատրաստի, ոչ թե նրանք ազատ են իրենց արժեքների ընտրության մեջ: Սա կարելի է ասել նաև Սփյուռքի հայերի մասին: Իռլանդական ասացվածք կա` Իռլանդիան լավ տեղ է մեռնելու համար, նույնն են զգում սփյուռքահայերը Հայաստանի հանդեպ: Եթե դու չես ընդունում իշխանական պրոպագանդան, դու դառնում ես թշնամի: Հայաստանում ինձ ատում են, որովհետև ես իմ անձի մասին մտածում եմ նրանց ուզածի ճիշտ հակառակը»,- ասել է Բալիոզյանը:
Ազատության հասնելու միակ ճանապարհը ցույց տալու համար մեր զրուցակիցը ցիտել է Հեգելի խոսքերը` իշխանությունը երբեք չի զիջի առանց արյունահեղության:
«Ես արյունահեղություն չեմ քարոզում, միայն հիշեցում եմ, որ իշխանության գլուխ կանգնած մարդիկ խրոնիկ սուտասաններ են և ամեն ինչի ընդունակ են իրենց աթոռը պահելու համար: Բայց եթե արաբական գարուն եղավ, ինչո՞ւ չի կարող հայկական գարուն սկսվել»,- ասել է գրողը:
Լուսանկարը՝ Արա Բալիոզյանի Facebook-ի էջից