Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի անհետացած 21 կտավները պետք է վերադառնանան Հայաստան ու կարևոր չէ, թե ով կզբաղվի դրանց վերադարձով՝ իրավապահ մարմիննե՞րը, օրենքով գողե՞րը, թե՞ դռնապահը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է հետաքննող լրագրող Սերգեյ Գալոյանը:
«Սա բացառիկ երևույթ չէ Հայաստանում: Համաշխարհային շուկայում թմրանյութերի ու զենքի վաճառքից հետո արվեստի գործերի կողոպուտներն իրենց ծավալով 3-րդ տեղն են գրավում: Տարեկան 66 միլիարդ դոլար արժողությամբ արվեստի գործեր են կողոպտվում ու դուրս տարվում տարբեր երկրներ», -նշել է Գալոյանն ու հիշեցրել 1972 թվականի հունվարի 2-ին Մինաս Ավետիսյանի արվեստանոցում բռնկված հրդեհը:
«Հրդեհվել է, այլ ոչ թե հրդեհ է եղել: Մինասն ամեն տեղ գրել է, որ հրդեհվել է իմ արվեստանոցը, այլ ոչ թե հրդեհ է եղել: Ցուցահանդեսի պատրաստվող Մինասի 100 նկարներից ընտրած 50-ը ոչնչացան: Ոչ մի նկար չգտնվեց ու չհայտնաբերվեց: Քրեական գործում բավական հետաքրքիր բաներ կային ու պարզ էր, որ մի բան այն չէ ու առ այսօր հնարավոր չի եղել պարզել, թե ինչ նկար է այրվել, նույնիսկ նկարների ցուցակը չկար: Պարզ երևում է, որ թալան է կատարվել Մինասի արվեստանոցում», -նշել է բանախոսը:
Գալոյանը խոսել է արվեստանոցներից անհետացած մի շարք նկարների մասին ու շեշտել, որ հիմնականում կողոպտվում են Այվազովսկու, Սարյանի ու Բաժբեուկ-Մելիքյանի գործերը: Վերջինիս աշխատանքներին Գալոյանն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի հրապարակման լույսի ներքո, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչպես են կտավները «լքել» Հայաստանը:
Բանախոսի կարծիքով` դրանք պետք է վերադարձվեն Հայաստան, թեև դրա համար ոչինչ չի արվում:
Լուսանկարում` Բաժբեուկ-Մելիքյանի Ղրիմի թաթարուհիները կտավն է, աղբյուրը` gallery.am