ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ այսօր` հուլիսի 24-ին, ի պաշտպանություն Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստների կայացած բողոքի ակցիայի ընթացքում, հավաքվածները 5 պահանջ են ներկայացրել իշխանություններին:
Պահանջներն ընթերցել է 7 քաղբանտարկյալ ակտիվիստների ազատման համար պայքարող նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը.
1. Արդարացնել 4 քաղբանտարկյալներին` Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին,
2. Բանտից ազատ արձակել Տիգրան Առաքելյանին,
3. Կարճել մյուս երեք ակտիվիստների` Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի և Սահակ Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործը, որը գտնվում է ՀՔԾ-ում
4. Պատժել երիտասարդների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին
5. Պատասխանատվության ենթարկել դատարանում սուտ վկայություն տված անձանց
Բողոքի ակցիային մասնակցում են Կոնգրեսի ներկայացուցիչներն ու ակտիվիստները, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, որոնց թվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, արվեստագետներ, հասարակական գործիչներ, քաղաքացիներ:
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները իրազեկման երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ` վանկարկելով «Ազատություն»:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանին` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա: Այս պահին անազատության մեջ է միյան Տիգրան Առաքելյանը, իսկ մյուս երեք ակտիվսիտների նկատմամբ կալանքը կկիրառվի վճիռը ուժի մեջ մտնելուց` մեկ ամիս հետո: Երիտասարդների փաստաբան Ստեփան Ոսկանյանն արդեն հայտարարել է, որ իրենք բողքարկելու են այս վճիռը Վերաքննիչ դատարան: Ակտիվիստներին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ:
Մեղադրանքն առաջադրվել է 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այդ օրը Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը:
Հետագայում երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Այդ օրը վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, Տիգրան Առաքելյանը շուրջ մեկ տարի է գտնվում է անազատության մեջ:
Ըստ ոստիկանության միջադեպը սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով և Տիգրան Առաքելյանը միջամտել էր նրանց գործողություններին: Երիտասարդների պնդմամբ` միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Մասնավորապես, դատական գործի ընթացքում Տիգրան Առաքելյանը պատմել է, որ ոստիկանները ասել էին` «սրանք լևոնական են», և ծեծի էին ենթարկել ինչպես Կարապի լճի մոտ, այնպես էլ` ոստիկանության բաժնում: