Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանը` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է ակտիվիստ, ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի հայցն ընդդեմ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` այն համարելով անհիմն:
«Նիստի ընթացքում խոսել եմ իրավունքի ոտնահարման, քրեորեն պատժելի արարքի մասին, սակայն նիստը նախագահողի կողմից ոչ մի անդրադարձ իմ խոսքերին չեղավ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 21-ին ԱԺ մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց) Գասպարին միանձնայա ակցիա էր անցկացնում՝ ձեռքին պահելով «Ռուբեն Հայրապետյան՝ Նեմեց, մարդասպան» գրությամբ պաստառ, երբ նրան մոտեցավ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ձեռքից հափշտակեց պաստառը: Այնուհետ Գասպարիին էր մոտեցել Ալեքսանյանի թիկնապահներից մեկն ու դիմահար հրելով՝ տապալել գետնին:
«Ես ոստիկանությանը տվել եմ հաղորդագրություն հանցագործության մասին և պահանջել հարուցել քրեական գործ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրան ընկերակցող անձի դեմ՝ կատարած խուլիգանության և ֆիզիկական բռնություն կիրառելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ հաղորդագրություն եմ տվել նշված հանցագործության ժամանակ ոստիկանության դրսևորած անգործության մասին», – պատմել է Գասպարին՝ հավելելով, որ ինքը անպայման դիմելու է Վերաքննիչ դատարան: Ակտիվիստը հույս է հայտնել, որ ժամանակը կների հասնել մինչև Եվրադատարան:
Գասպարին նաև նշել է, որ իր ներկայացրած մեղադրանքը վերաբերում է ոչ միայն իր անձին. այս քայլով ինքը փորձել է օրինակ ծառայել քաղաքացիական հասարակությանը՝ լինել ավելի հետևողական ու տեր կանգնել սեփական իրավունքներին:
«Մենք անընդհատ սոցիալական ցանցերում վիճում ենք, սակայն երբ հերթը հասնում է իրավական հարթությունում մեր իրավունքները պաշտպանելուն, բոլորս լռում ենք: Ուզում եմ, որ իմ այս քայլը նախադեպ դառնա բոլոր նրանց համար, ում իրավունքները ոտնահարվում են ու անտեսվում: Սրանով ես մեղադրանք եմ առաջադրել ՀՀ իշխանությանն ու նրա կցորդ հանդիսացող դատական համակարգին», – եզրափակել է Գասպարին: