Ինչպես հայտնի է դարձել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին, 2012 թվականի հունվարին Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը երեք ավելի քան 30 մլն ռուբլի գումարի չափով փակ տենդեր է հայտարարել, որի նպատակն է բլոգոսֆերայի մոնիթորինգի նոր մեթոդներ մշակել: Գլխավոր նպատակը՝ «հասարակական կարծիքի ձևավորման նպատակով սոցիալական ցանցերում տեղեկատվական հաղորդագրությունների զանգվածային տարածումն» է: Պարբերականի աղբյուրները կարծում են, որ ապագայում այդ ծրագրերը կարող են կիրառվել նաև համացանցի ռուսաստանյան հատվածում:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ «Շտորմ-12», «Մոնիտոր-3», «Դիսպուտ» ծածկագրային անվանումներ ունեցող հետազոտությունների համար հայտարարված տենդերներն անցկացվել են 2012-ի հունվարին: Պարբերականի տրամադրության տակ հայտնված մրցութային երեք առաջադրանքների տեքստերը վկայում են, որ պետական պատվիրատուն՝ «N54939 զորամաս»-ն է:
Թեև երեք ծրագրերը բաժանված են տարբեր տենդերների, դրանք սերտորեն կապված են միմյանց հետ: Նախատեսվում է, որ սկզբում բլոգոսֆերան մոնիթորինգի է ենթարկելու «Դիսպուտ» ծրագիրը, որը պետք է զբաղվի «սոցիալական ցանցերում խմբերի ձևավորման գործընթացների հետազոտությամբ» և «տեղեկությունների տարածման և հանրաճանաչության վրա ազդող գործոնների որոշմամբ»: Այնուհետև ստացված տեղեկատվությունը վերլուծելու է «Մոինտոր 3»-ը, որի խնդիրն է ինտերնետում ներգրավված փորձագետների վիրտուալ հանրույթի կազմակերպման և վերահսկման մեթոդների մշակումը, սոցիալական մեդիայում աշխատանքի վերահսկողությունը»: Ստացված տեղեկությունների հիման վրա անհրաժեշտ տեղեկատվությունը սոցիալական ցանցեր է գցելու «Շտորմ-12» համակարգը:
Ակնկալվում է, որ «Մոնիտոր-3» և «Դիսպուտ» համակարգերը պատրաստ կլինեն արդեն 2012 թվականին, իսկ «Շտորմ-12»-ը 2013-ին:
Ռուսաստանյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է «Կոմերսանտին», որ ծրագրերի պատրաստ լինելուց հետո նրանք կկարողանան ազդել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լսարանի վրա:
Մեկնաբանելով ռուսական սոցիալական ցանցերի վրա նոր տեխնոլոգիաների կիրառման հավանականությունը՝ պարբերականի զրուցակիցը նշել է, որ տեխնոլոգիաների փոխանցում Արտաքին հետախուզության և Դաշնային Բյուրոյի միջև սովորաբար չի կիրառվում, քանի որ մեծանում է տեղեկատվության արտահոսքի հավանականությունը, սակայն հայտնել է, որ նման անհրաժեշտության առաջացման դեպքում ռեսուրսը կարող է օգտագործվել երկու գերատեսչությունների կարիքների համար:
«Կոմերսանտի» անանուն զրուցակիցը նաև հայտնել է, որ համակարգերը պատրաստ լինելուց հետո փորձարկում են անցնելու նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մեկի լսարանի վրա, որից հետո էլ պարզ կդառնա այդ համակարգերի արդյունավետությունը: