Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարչակազմը 1915 թվականին տեղի ունեցած հայերի ջարդերի մասին պատմական իրադարձությունները ընդգրկել է միջնակարգ դպրոցի դասագրքերում: Մտավախություններ կան, որ այս քայլը կարող է կրկին սրել Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները, թեև Թուրքիան հույս ուներ բարելավել դրանք նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում, գրում է թուրքական Today’s Zaman պարբերականը:
Կիրակի թուրքական Sabah-ը հաղորդել էր, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը որոշել է Հայոց Ցեղասպանության մասին գլուխներն ընդգրկել պատմության և աշխարհագրության դասագրքերում:
20-րդ դարի համաշխարհային պատմությունն ուսումնասիրող աշակերտներն այսուհետ կուսումնասիրեն նաև «Հայոց Ցեղասպանություն» կոչվող գլուխը:
Նշենք, որ մեկ ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես իր նախորդը, հայտարարել էր, որ աջակցելու է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար իրականացվող գործողություններին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը օրինագիծ ընդունեց, որը պատիժ էր նախատեսում Հայոց Ցեղասպանությունը ժխտողների համար: Երկրի Սահմանադրական խորհուրդը ավելի ուշ չեղյալ էր հայտարարել տվյալ օրինագիծը: