Սաֆարովի դատավճռի անարդար լինելու վերաբերյալ չինովնիկների բոլոր հայտարարությունները կարող են խոսել միայն այն մասին, որ իրենք ի վիճակի չեն կազմակերպել նրա պաշտպանությունը: Այս մասին ադրբեջանական Contact.az կայքում գրում է սոցիոլոգ Սևիլ Հուսեյնովան, ում հոդվածը ներկայացնում ենք ստորև:
«Ինչ էլ որ հիմա ասեն չինովնիկները, հանցագործություն է կատարվել, և դատավաճիռ է կայացվել: Նաև իմ սեփական կարծիքն արտահայտեմ այն մասին, որ Սաֆարովին, անշուշտ, հերոս չեմ համարում: Հետաքրքիր է, ինչպես Սաֆարովին լուրերում մի քանի անգամ համեմատեցին Բրեյվիկի հետ (77 մարդկանց կյանք խլած նորվգացի ահաբեկիչ- խմբ.): Եվ ուշագրավն այն է, որ լրագրողները դրանում արդարացում էին փնտրում Սաֆարովի համար:
Բայց ավելի կարևոր է խոսել այն ուղերձի մասին, որը մենք ստացել ենք իշխանություններից, և այն արձագանքի, որն այս առնչությամբ առաջացել է մեր հասարակության մեջ: Սաֆարովին իշխանությունը հենց այնպես չի ներում շնորհել ու ազատ արձակել: Իշխանությունները Սաֆարովին ընդունել են որպես ազգային հերոսի և առատ պարգևներ շնորհել, պարգևներ, որոնք չեն ստացել անգամ Ղարաբաղյան պատերազմի վետերանները: Անձամբ Սաֆարովի հայտարարություններից պարզ է, որ նա չի զղջում, չնայած ոչ ոք զղջման չէր էլ սպասում:
Բոլոր մեղմացնող հանգամանքների պարագայում էլ (պատերազմի տարիներին բռնի տեղահանված, մերձավորների մահ և այլն), փաստ է, որ անձամբ սպանվածը կապ չուներ Սաֆարովների ընտանիքին բաժին հասած ողբերգությունների հետ:
Իսկ ի՞նչ է ցանկանում իր գործողություններով ասել ադրբեջանական ղեկավարությունը: Որ նա արդարացնո՞ւմ է նման դեպքերը և դրանք համարում է ամենաբարձր գնահատականի արժանի գործողություններ:
Այստեղ տեղին է հիշատակել Հայաստանի նախկին նախագահի (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին – խմբ.) սկանդալային հայտարարությունն այն մասին, որ «հայերն ու ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են»: Ավելի վաղ պաշտոնական Բաքուն խիստ քննադատության էր ենթարկում այս հայտարարությունը, իսկ այժմ հիանալի առիթ է ստեղծվել մեր հասցեին նման քննադատություն հնչեցնելու համար:
Մեկ այլ կարևոր հարց՝ ի՞նչ կարելի է այժմ ակնկալել խաղաղ բանակցություններից: Այս բոլոր տարիներին քաղաքացիական հասարակությունը կասկածներ էր հայտնում և մատնանշում էր դրանց իմիտացիոն բնույթը: Արդյո՞ք դա նշանակում է, որ իմիտացիների ժամանակն անցել է, և այժմ մեզ սպասվում է հերթական արյունահեղ հակամարտությունը: Արդյո՞ք պետք է մտածել, որ իշխանություններն արեցին իրենցից կախված ամեն բան, որպեզի նոր բախում չծագի, որպեսզի գտնվեն միջոցներ մարտի դաշտում հազարավոր երիտասարդների մահերը կանխարգելու համար: Վերջին իրադարձությունները թույլ են տալիս բացասական պատասխան տալ այս բոլոր հարցերին:
Կարելի է պնդել, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում գնալ իրավիճակի սրման: Ադրբեջանական հանրության արձագանքը վկայում է այն մասին, որ քիչ չի լինի նոր պատերազմը ողջունողների թիվը: Չգիտեմ, կգնան նրանցից շատերը կամ իրենց բարեկամները ռազմաճակատ, թե՞ կրքեր են բորբոքելու տանը՝ համակարգչի առջև նստած:
Իշխանությունները բավականաչափ ռեսուրսներ ունեն մեծաթիվ բանակ մոբիլիզացնելու համար և նոր, լայնածավալ պատերազմ սկսելու համար: Այս տարիներին իշխանությունները լուրջ ռեսուրսներ ունեին իսկական խաղաղ երկխոսություն տանելու համար: Սակայն պատերազմի ռեսուրսների կազմակերպման համար շատ բան է արվել, և շատ քիչ բան խաղաղ գործընթացի համար:
<…> Չեմ պատրաստվում գրել հայաստանյան իրավիճակի մասին, բայց վստահ եմ, որ այս երկրում էլ նույն քաղաքականությունն էր տարվում: Սակայն մենք ապրում ենք ոչ թե սոցիալ-քաղաքական վակուումում, այլ աշխարհում, որտեղ մենք պետք է ընտրենք՝ ում հետ ընկերություն անել: Կարող ենք մեզ հանգստացնել նրանով, որ Եվրոպան նույնպես իդեալական չէ, իսկ երբեմն էլ առհասարակ մեր թշնամու օգտին է խաղում: Բայց մենք պետք է հասկանանք, որ պետական մակարդակով հերոս ճանաչել մի մարդու, ով մեղավոր է կանխամտածված սպանության մեջ, աշխարհում չի ընկալվում, եթե չասենք ավելին:
Ինձ այստեղ կարող են հիշեցնել Խոջալուի ողբերգությունը: Բայց ի՞նչ է դա նշանակում, որ մենք նույնպես այդպիսի՞ն ենք:
Եթե նրանց չեն դատապարտել, մենք պետք է նո՞ւյնն անենք:
Ես վստահ եմ, որ սա փակուղային ճանապարհ է, որ միայն խաղաղ, փոխզիջման վրա հիմնված խաղաղ լուծումը թույլ կտա երկու ազգերին դուրս պրծնել բռնապետական կարգերի ցանցից և որդեգրել ժողովրդավարական հասարակության կառուցման քաղաքականություն: Կոնֆլիկտների տեսության մեջ վաղուց ընդունված է այն պնդումը, որ ժողովրդավար պետություններն իրար դեմ չեն մարտնչում:
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են այդ սկզբունքը: Հակամարտությունը անհրաժեշտ է երկու երկրներում և հասարակություններում էլ արմատացած բռնապետական ռեժիմներին՝ որպես իշխանության պահպանման և ամրապնդման ռեսուրս:
<…> Իսկ այլընտրանք մենք ունենք: Կամ մենք դուրս ենք գալիս համընդհանուր բարեկեցության հասարակության ձևավորման ճանապարհին: <…>
Կամ վերջնականապես կհաստատվենք բռնապետական երկրների ակումբում: Մեր հարևաններ Ռուսաստանն ու Իրանը միայն ուրախ կլինեն այդ կապակցությամբ: Եվ այդ ժամանակ հակամարտությունները և պատերազմները մեր իրականության և առօրյայի մի մասը կմնան տասնյակ տարիներ շարունակ:
Բայց արդյո՞ք աշխարհն ավելի արդար կդառնա, եթե 10 կամ 20 կամ 30 հազար մարդ զոհվի հերթական պատերազմում: Արդյո՞ք աշխարհն ավելի արդար դարձավ նրանից, որ Սաֆարովը սպանեց հայ սպայի: Արդյո՞ք մենք ավելի մոտեցանք հակամարտության լուծմանը: Ո՛չ , մենք նախկինի պես անհուսալիորեն հեռու ենք դրանից: Ավելի հեռու, քան մի քանի օր առաջ էինք:
<…> Ես վստահ եմ, որ ադրբեջանական հասարակությունում այժմ էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր պատրաստ են խաղաղ կյանքի և հարևան Հայաստանի բնակիչների հետ կոնտակտների: Ովքեր պատրաստ չեն սխրանքներ կատարել ազգային ատելության հողի վրա: Ովքեր պատրաստ են խաղաղ ապրել, հարևանություն անել, հարգել միմյանց ավանդույթները: Եվ ես վստահ եմ, որ մեր ապագան նման մարդկանց և արարքների մեջ է»: