Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհիմն է համարում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ Բաքվի հասցեին հնչող միջազգային քննադատությունը:
Երեկ Շեքինի շրջանում ելույթ ունենալիս Ալիևը կրկնել է, որ Սաֆարովը Ադրբեջանին է փոխանցվել Եվրոպական կոնվենցիայի հիման վրա և ներում ստացել երկրի սահմանադրության համաձայն:
«Հայերը, հայկական համաշխարհային լոբբին աղմուկ բարձրացրեցին աշխարհով մեկ: Ավելի վաղ ասում էի, որ մեր գլխավոր թշնամին հայկական լոբբին է: Հիմա նրանք Ադրբեջանի դեմ կեղտոտ արշավ են իրականացնում: Նրանց կողմից հովանավորվող ծախված, երկերեսանի, կոռումպացված սենատորները, միջազգային կառույցների ղեկավարները, որոշ քաղաքական գործիչներ Ադրբեջանի դեմ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում: Նման մեղադրանքների համար հիմքեր չկան: Ամեն ինչ օրենքի շրջանակներում է իրականացվել»,- Ալիևի խոսքերն է փոխանցում Contact.az-ը:
Ալիևը քննադատել է նաև Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյոբորն Յանգլանդին: «Տեսեք՝ ինչ է ասում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Այս մարդու պարտականությունների մեջ է մտնում մարդասիրություն մարմնավորելն ու մարդու իրավունքները պաշտպանելը: Եվրոպայի խորհուրդը բազմիցս Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել: Ես նրան լավ գիտեմ, որովհետև երեք տարի գլխավորում էի Ադրբեջանի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում:
Համառորեն ճնշում էին գործադրում, որ հանցագործներին ազատենք: Հիշում եմ, նրանց մեջ կար մի հանցագործ, ում Եվրոպայի խորհրդի հորդորներով ազատ արձակեցինք, որից հետո նա հանցագործություն իրագործեց՝ սպանելով մի ողջ ընտանքի՝ հորը, մորը և մանկահասակ քրոջը: Հիմա այդ նույն Եվրոպայի խորհուրդը ինձ մեղադրում է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մեջ: Այդ մարդու հայրենիքում Բրեյվիկը մինչև 80 մարդ էր սպանել, նրան 21 տարվա ազատազրկում է սպառնում: Ամեն սպանվածի համար՝ 3 ամսվա ազատազրկում: Կարո՞ղ է նման բան լինել: Ինչո՞ւ նա չի խոսում այդ մասին»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը մատնանշել է նաև ամերիկացի սենատոր Մենենդեզի «կողմնապաշտ» դիրքորոշումը՝ նրան «հայամետ», «իսլամաֆոբ» և «հակաադրբեջանական» գործիչ անվանելով: Ալիևը նշել է, որ ոչ մի ճնշման տեղի չի տա:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յանգլանդը ավելի վաղ հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում Սաֆարովի «հերոսացումը»: «Ես չէի ցանկանա մեկնաբանել իրավական ընթացակարգերը, սակայն ես անթույլատրելի եմ համարում այն, որ դատապարտված հանցագործը որպես հերոս է ընդունվում»,- ասել է Յանգլանդը:
Ադրբեջանի նախագահի քննադատությամբ են հանդես եկել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և այլ քաղաքական գործիչներ: