2008 թվականի Մարտի 1-ին Երևան քաղաքի կենտրոնում Հայաստանի տասը քաղաքացիների՝ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի, Դավիթ Պետրոսյանի, Սամվել Հարությունյանի, Գրիգոր Գևորգյանի, Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Աբգարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համլետ Թադևոսյանի, Զաքար Հովհաննիսյանի սպանությունը մինչև օրս բացահայտված չէ: Այսպես է այսօր Ազգային ժողովում իր հայտարարությունը սկսել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան:
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունները ոչ միայն շահագրգռված չեն սպանությունների բացահայտմամբ, այլև ամեն կերպ խոչընդոտում են:
Ստույգ հայտնի է, որ 2008-ի Մարտի 1-ի տասը զոհերից երեքը՝ Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը զոհվել են ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կիրառած «Չերյոմուխա-7» զինատեսակից: Հայտնի է նույնիսկ, որ այդ օրը «Չերյոմուխա-7» կիրառել են ՀՀ ոստիկանության զորքերի ընդամենը չորս ծառայողներ՝ 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանն ու Վարդան Սահակյանը, 1001 զորամասի հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Ավետիք Աթաբեկյանն ու Լևոն Հակոբյանը: Որքան էլ զարմանալի է, այս մարդիկ մինչև օրս ազատության մեջ են՝ ապացույցների անբավարարության անհեթեթ պատճառաբանությամբ:
Սրանում անհասկանալի ոչինչ չկա, որովհետեւ եթե «Չերյոմուխա-7» կիրառած ոստիկանների գործողությունները պատշաճ իրավական վերաբերմունքի արժանանան, նրանք հայտնվեն երկարամյա ազատազրկման իրական սպառնալիքի առաջ, հասկանալիորեն կպաշտպանվեն, բացահայտելով, թե ում հրամանն են կատարել ՀՀ քաղաքացիներին գնդակահարելիս, նրանց հրաման տվողները կտան իրենց հրաման տվածների անունները, և կպարզվի, որ սպանության թելերը տանում են դեպի իշխանության ամենավերին օղակները և տեղի ունեցածի հետ առնչություն ունեն մարդիկ, ովքեր այսօր էլ բարձրաստիճան պաշտոնյա են, պատգամավոր, կամ պաշտոնավարման արդյունքում չորս միլիարդ դոլարի կապիտալ կուտակած մեծահարուստներ», – ասել է Փաշինյանը:
ՀԱԿ ներկայացուցիչը նշել է նաև, որ մարտիմեկյան սպանությունների բացահայտումը ոչ այնքան զոհերի հարազատների, որքան ՀՀ բոլոր քաղաքացիների խնդիրն է:
«2008 թվականի Մարտի 1-ին մարդասպանները չեն կրակել կոնկրետ անուն-ազգանունով մարդու վրա, որովհետև կրակելիս չէին կարող իմանալ, թե կոնկրետ ով է նա: 2008 թվականի Մարտի 1-ին վարչախումբը կրակել է հանուն ազատության և Սահմանադրության պայքարող քաղաքացու վրա:
Մենք հետևողական ենք լինելու մարտիմեկյան սպանությունների բացահայտման գործում, և բոլոր մարդասպանները, անկախ սոցիալական և հասարակական դիրքից ստանալու են արժանի պատիժ: Մարտիմեկյան սպանությունների գործով տուժողը միայն կոնկրետ ընտանիքները չեն, այլև Հայաստանի պետականությունը, որտեղ իշխանությունը յուրացվել է քաղաքացիների արյան գնով: Ոճիրին մասնակից և առնչություն ունեցող բոլոր անձինք պիտի կրեն պատասխանատվություն, ոմանք քրեաիրավական, ոմանք էլ քաղաքական ու բարոյական»: