4 տարի առաջ իր բնակարանից զրկված Էմմա Սահակյանը, որն ավելի քան 90 օր է՝ բողոքի ակցիա է անցկացնում նախագահական նստավայրի մոտ, իսկ վերջին 9 օրը հացադուլ է հայտարարել, իր գրած 11 նամակներին որևէ պատասխան չի ստացել նախագահականից: Պատասխաններ չեն եղել նաև քաղաքապետարանին և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված դիմումներին: Այս մասին կինը ասել է Epress.am-ի հետ զրույցում՝ նշելով, որ երբ ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունման բաժնում հետաքրքրվել է, թե «ինչ նորություն կա իր գործից», իրեն պատասխանել են, որ «դուք պետք է նորություն ասեք»:
Սարգսյանի խոսքով՝ այսօր Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցն այցելել է իրեն, հետաքրքրվել, թե ինչքան թոշակ է ստանում և հեռացել:
Սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պատասխանելով Epress.am-ի հարցին, թե արդյոք նախարարությունը մտադիր է անդրադառնալ քաղաքացու բողոքին, թե՝ ոչ, հայտնել են, որ գործը իրենց ոլորտին չի վերաբերում, նշել են նաև, որ կարող են 3 ամսյա ժամանակավոր կացության տներ առաջարկել անտուն կնոջը, սակայն բնակարան ստանալու նոր ծրագիր դեռ չկա, ուստի կինը չի կարող դիմել:
Հիշեցնենք, որ կինը պնդում է, թե իրեն զրկել են բնակարանից, որտեղ ինքը գրանցված է եղել և որը կտակ է թողնվել իր դստերն իր քրոջ կողմից: Կինը դատարան է ներկայացրել իր գրանցման մասին փաստաթուղթ և իր դստեր կտակը, որոնց առկայության դեպքում գույքն այլ անձինք չէին կարող վաճառել, սակայն դատարանը մերժել է բողոքը՝ պատճառաբանելով, որ հանցակազմ չկա: Վերաքննիչը անփոփոխ է թողել վճիռը, իսկ վճռաբեկը չի ընդունել հայցը վարույթ:
Այս դավադրությունը, կնոջ խոսքով, իր քրոջ դստեր ձեռքի գործն է:
Epress.am-ը զրուցել է նաև կնոջ քրոջ դստեր Սուսաննա Մարգարյանի հետ, ով ասել է, թե իր մորաքույրը զրպարտում է իրեն:
«Նա թատերական ներկայացում է անում: Նախ՝ գրանցումը ոչինչ չի նշանակում: Երկրորդ՝ մորաքույրս իր կտակը 2006թ. փոխել է և տունը թողել իմ որդուն, բացի կտակից նա նաև նվիրատվություն է արել: Տան սեփականատերը՝ մորաքույրս, հանել էր Էմմայի գրանցումը իր տնից: Նա զրպարտում է ինձ, իսկ մամուլը գրում է՝ առանց իմանալու, թե ում մասին է խոսքը»,- ասել է Սուսաննա Մարգարյանը: Նա նաև ասել է, որ Էմման ունի երկու երեխա, որոնք պետք է մորը օգնեն, և կարիք չկա հացադուլ անելու: