Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ, և դիտարկում այդ քայլը որպես վարքագիծ, որը կարող է է՛լ ավելի թեժացնել հայ – ադրբեջանական լարվածությունը, խորացնել անարդարության զգացումը և երկու ժողովուրդների միջեւ առկա ջրբաժանը։ Դա է փաստում Եվրոպական խորհրդարանում այսօր ընդունված բանաձեւը, որը հեղինակել են խորհրդարանի հինգ ամենամեծ խմբակցությունները, նշում է «Ազատություն» ռադիոկայանը։
Բանաձևում եվրոպացի պատգամավորները փաստում են, որ Սաֆարովը տարիներ առաջ ընդունել է մեղքը, սակայն չի զղջացել՝ արդարացնելով իր քայլը միայն այն հանգամանքով, որ զոհը հայ էր, և ներում է ստացել անմիջապես Ադրբեջան փոխանցվելուն պես։
«Սաֆարովի ազատ արձակումը հակասում է դատապարտված անձանց էքստրադիցիայի մասին միջազգային կոնվենցիայի տառին ու ոգուն», – նշում է բանաձևը և պնդում, որ նրան շնորհված նախագահական ներումը խախտել է Հունգարիայի իշխանություններին տրված դիվանագիտական երաշխիքները։
Դատապարտելով մարդասպանի հերոսացումը, նրան մայորի կոչում տալու, 8 տարվա աշխատավարձ վճարելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը, Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում, որ սա կարող է օրինակ դառնալ ապագա սերունդների համար։
«Եվրախորհրդարանը մտահոգված է, քանի որ այս քայլը վտանգի տակ է դնում հաշտեցմանն ուղղված գործընթացները եւ կարող է սասանել նաև ապագայում ժողովուրդների միջեւ դեմ առ դեմ շփման հնարավոր զարգացումները», – փաստում է բանաձևը։
Փաստաթղթում եվրոպացի օրենսդիրները նաև նշում են, որ Ադրբեջանում արդարացի հիասթափություն կա բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության շուրջ, միևնույն ժամանակ` ընդգծում, որ դա չի արդարացնում ո՛չ վրեժխնդրության քայլերը, ո՛չ էլ հետագա սադրանքները։
«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ, ընդգծելով օրենքի իշխանությունն ու ստանձնած պարտավորությունները կատարելու կարևորությունը, Եվրախորհրդարանը, միաժամանակ, նշում է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև ասոցիացման համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցությունները պետք է ներառեն նաև մարդու իրավունքները և օրենքի գերիշխանությունը պաշտպանող դրույթներ։
Փաստաթղթի վերջում եվրոպացի օրենսդիրները աջակցություն են հայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի, Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի և Եվրամիության անդամ երկրների շարունակական ջանքերին, որոնց նպատակն է թուլացնել լարվածությունը և երաշխավորել, որ տարածաշրջանում առաջընթաց կատարվի դեպի խաղաղություն։