Սեպտեմբերի 11-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է Գիլալ Մամեդովի կանխարգելման միջոցը տնային կալանքի փոխելու մասին միջնորդությունը:
Համացանցում լայն տարածում գտած ադրբեջանցի մեյխանա կատարողների «Ты кто такой? Давай, до свидания» հոլովակի հեղինակ, «Tolishi Sado» (Թալիշի ձայն) թալիշերեն կայքի և թերթի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Մամեդովը երրորդ ամիսն է՝ գտնվում է բանտում. նա Ադրբեջանի իշխանությունների կողմից մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ: Մամեդովին ցմահ ազտազրկում է սպառնում:
Նա նաև մեղադրվում է թմրանյութերի ապօրինի պահման և վաճառքի, ռասայական և էթնիկ ատելության սրմանը նպաստելու, պետական դավաճանության, և ի շահ Իրանի լրտեսություն իրականացնելու մեջ: Հարազատները մտահոգված են նրա առողջական վիճակով. Մամեդովը ասթմա ունի: Մոսկվայում թալիշների սփյուռքի ներկայացուցիչները վստահ են, որ Մամեդովին կարող են սպանել բանտում: Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան առջև նրանք մի քանի բողոքի ակցիաներ են անցկացրել:
Մամեդովը ձերբակալվել էր 2012 թվականի հունիսի 21-ին: Ինչպես հաղորդել էին նրա հարազատները, նա առավոտյան գնացել էր հիվանդանոց, իսկ տուն վերադառնալու ճանապարհին բերման էր ենթարկվել քաղաքացիական հագուստով տղամարդկանց կողմից, ովքեր իր գրպանի մեջ 5 գրամ հերոին էին գցել: Նույն օրը Մամեդովի տանը խուզարկում էր անցկացվել , ոստիկանները հայտարարել էին, որ 27 գրամ հերոին է հայտնաբերվել: Հարազատները չէին ստորագրել խուզարկման արձանագրությունը: Մտերիմների խոսքով՝ Մամեդովին ասել էին, որ եթե իրեն լավ պահի, փրկվելու շանս կունենա: Այլ կերպ ասած, նրան առաջարկել էին համագործակցել իրենց հետ: «Ցանկանում էին կոտրել նրան, բայց նա չի գնացել այդ քայլին»,- նշել են հարազատները:
Մեկ շաբաթ անց մեղադրանքներն ավելացան: Ադրբեջանի ՆԳՆ-ն և դատախազության աշխատակիցները հայտարարել էին, որ Գիլալ Մամեդովը լրտեսել է Իրանի օգտին: Նրանք նշել են նաև այն մարդու անունը, ով իբրև թե հավաքագրել է Մամեդովին. նա Իրանի քաղաքացի Ալի Աբդուլին է, ով հայտնի է Ադրբեջանում իր գիտական գործունեությամբ: Աբդուլին նաև Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի դոկտորի աստիճան ունի: «Աբդուլին 61 տարեկան է, իրանական ընդդիմության մեջ է, բազմաթիվ խնդիրներ ունի այս կապակցությամբ: Ի՞նչ լրտեսություն»,- պարզաբանում են Գիլալի մտերիմները:
Ադրբեջանում Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի խոսքով՝ Իրանի շուրջ ճգնաժամը նպաստում է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են իրենց համար ոչ պետքական իրավապաշտպանների, լրագրողների Իրանի հետ կապերի մեջ:
«Դա նախևառաջ վերաբերում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ թալիշներին:
Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, սակայն, եթե որպես կանոն դեմոկրատական ընդդիմության ակտիվիստներին 3-10 տարի են տալիս, ապա ազգային փոքրամասնություններին, իսլամիստներին 10-տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում:
Գիլալը զբաղվում էր կալանավորների իրավունքների պաշտպանությամբ: Իսկ ձերբակալության համար պատճառ է դարձել մեյխանայի հոլովակը, որն այդքան հայտնի էր դարձել Ռուսաստանում: Այն բանից հետո, երբ նա ելույթ ունեցավ НТВ հեռուստաալիքով, նրա ձերբակալությունը կանխատեսելի էր, շատ բարձր է հնչում «այս թալիշի» ձայնը: Իշխանությունները նրան զգուշացրել էին չկազմակերել ազգային երաժշտության երեկո ռուսաստանցի լրագրողների համար: Դա կարող է տարօրինակ թվալ, բայց Ադրբեջանում նստեցնում են ֆոլքլյորի երեկոյի համար, Ադրբեջանում նստեցնում են ազատամտության ցանկացած դրսևորման համար: Նա ոչ միայն հանդես էր եկել НТВ-ով, այլև կայքում գրել էր, որ «Իլհամ Ալիևը միլիոններ է ծախսում Եվրատեսիլի վրա և նրան չեն գոհացնում արդյունքները, իսկ մենք ոչինչ չծախսեցինք, և մեր երգն ու ազգը լայն ճանաչում ձեռք բերեցին:
Ուշագրավն այն է, որ Գիլալի ձերբակալությունից հետո ոչ ոք, ոչ НТВ-ն, ոչ Առաջին ալիքը անգամ չհիշատակեցին Գիլալի ձերբակալության մասին: Չէ՞ որ հենց ռուսաստանյան TV–ում հանդես գալը պատճառ դարձավ ձերբակալության համար»,-պատմել է Լեյլա Յունուսը:
Իսկ Մամեդովի դստեր խոսքով՝ հեռուստատեսությունն ու ռադիոն լռություն են պահպանում իր հոր ձերբակալության մասին, քանի որ ասելու բան չունեն: «Հո չեն կարող ասել, որ գիտնականի մոտ թմրանյութ են գտել: Պարզապես ծիծաղելի է: Հայրս անգամ ծխախոտ չէր ծխում: Նա ասթմա ունի»,- նշել է Մամեդովի դուստրը: