Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2011 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքները և հիմնական մի քանի շեշտադրումներ արել բյուջեի կատարողականի վերաբերյալ:
Սարգսյանը 2011 թվականը բնութագրել է որպես տնտեսական վերականգնումն ամրապնդող տարի, քանի որ, ըստ նրա, 2010 թվականի ընթացքում ձևավորված միտումներն ընդհանուր տնտեսական ցուցանիշի միջավայրի տեսակետից լուրջ մարտահրավերներ էին իրենց առջև դրել, և 2011 թվականի արդյունքները հնարավորություն են տալիս արձանագրել, որ հաջողվել է մտնել վերականգնման փուլ:
«Ինչպես գիտեք, 2010 թվականի վերջում առաջարկի մի շարք գործոնների ազդեցությամբ ձևավորվել էր բարձր գնաճային միջավայր. տարեվերջին մենք արձանագրել էինք 9.4 տոկոս գնաճ, և այդ գնաճային բացասական միջավայրը, որը բնորոշ չէր Հայաստանին, քանի որ Հայաստանը մինչճգնաժամային տարիներին ապահովում էր մինչև 3 տոկոս գնաճը, և եռապատիկ ավելի բարձր գնաճային ճնշումներն ստեղծում էին լուրջ խոչընդոտներ ինչպես տնտեսական աճի ապահովման համար, այնպես էլ սոցիալական լուրջ հիմնախնդիրներ: Այդ տեսակետից 2011 թվականին մենք, մի կողմից, պարտավորված էինք իրականացնել այնպիսի բյուջետային քաղաքականություն, որը կօժանդակեր գնաճի զսպմանը, բայց, մյուս կողմից, պարտավոր էինք իրականացնել նպատակադրված արդյունաբերական քաղաքականություն, որը պետք է նպաստեր, որպեսզի տնտեսական աճը լիներ շարունակական և կայուն: Այդ առումով մենք կարող ենք արձանագրել, որ 2011 թվականը բեկումնային էր, քանի որ էապես նվազեց գնաճի ցուցանիշը, և մենք ունեցանք տնտեսական աճ, որը 2 անգամ ավելի բարձր էր, քան 2010 թվականին»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ արդյունաբերությունը 2011 թվականին դրսևորել է բարձր աճի տեմպեր` նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 13.5 տոկոս աճ:
«Գյուղատնտեսությունում 2010 թվականի աննախադեպ անկումից հետո 2011 թվականին արձանագրվել է 13.7 տոկոս աճ, և տնտեսական աճին գյուղատնտեսությունը նպաստել է 2.3 տոկոսային կետով: Այն կրել է ինչպես բարենպաստ բնակլիմայական պայմանների, այնպես էլ կառավարության կողմից նախաձեռնված գյուղատնտեսության և հատկապես բուսաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի ազդեցությունը»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը, խոսելով նաև արտաքին հատվածի մասին, նշել է, որ այդտեղ ևս դրական ձեռքբերումներ են արձանագրել: Արտահանման աճն զգալիորեն առաջանցիկ է եղել ներմուծման աճից, և այստեղ աճը կազմել է ավելի քան 34 տոկոս` նպաստելով առևտրային հաշվեկշռի, հետևաբար և ընթացիկ հաշվի հաշվեկշռի բարելավմանը:
Խոսելով նաև 2011 թվականի պետական բյուջեի պակասորդի մասին՝ վարչապետը նշել է, որ այն կազմել է ՀՆԱ-ի 2.8 տոկոսը` ծրագրված 3.9 տոկոսի դիմաց, իսկ 2009 թվականի 7.6 տոկոսից նվազել է մոտ 4.8 տոկոսային կետով: