Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընղհանուր իրավասության դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի որդու՝ Շահեն Պետրոսյանի անունը շրջանառվում է մի շարք մութ պատմությունների մեջ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ասում են՝ նա մարդկանց «կռուպնի քցելու» սովորություն ունի: Դա արվում է այնպիսի մեխանիզմով, որ «քցվածը» վախենա բողոքել, «քցված» գումարներն էլ վերադարձնելու հնարավորություն չլինի», – գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ այդպիսի տասնյակ քաղաքացիական գործեր կան (քանի որ գործը քրեականին չի հասնում) տարբեր դատարաններում, որոնցով որպես պատասխանող ներգրավված է դատավորի որդին` Շահեն Պետրոսյանը: Վերջինս, զբաղվելով գործունեության մի քանի տեսակներով` անշարժ գույքի գործարքներով, իրավաբանական տարաբնույթ ծառայություններով, վարկավորմամբ, փաստաթղթերի պատրաստմամբ և զբոսաշրջությամբ, գտել է շահագրգիռ անձանց, իսկ հետո նրանց հետ մտել համապատասխան գործարքների մեջ, նրանց գայթակղիչ խոստումներ է տվել շահույթ ստանալու մասին, մեծ գումարներ վերցրել ու չի վերադարձրել: