Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանի կողմից ստացել է առաջարկություն Երևանի կենտրոնում կանոնակարգված ձեղնահարկերի պիլոտային ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Այս համատեքստում ներկայացված ձեղնահարկերի կանոնակարգման տարբերակներից առանձնացվել է Կասկադ համալիրի հարակից շենքերի վրա մանսարդների իրականացումը, քանի որ տարիների ընթացքում այս հատվածի շենքերի վրա անկանոն շինություններ են կառուցվել: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի՝ Epress.am-ին ուղղված պատասխանում: Նշենք, որ երկու օր առաջ մենք հարց էինք ուղղել քաղաքապետարանին առ այն, թե արդյոք քաղաքապետարանը տեղյակ է Կասկադի մոտ՝ Թամանյան 3 հասցեում գտնվող շենքի տանիքում կառուցվող վերնահարկերի մասին և արդյոք շինարարության իրականացման համար համապատասխան թույլտվությունն առկա է:
«Այսօր աշխատանքներ են ընթանում ձախակողմյան հատվածի շենքի վրա /Թամանյան 3 հասցեում/: Առաջիկայում, միևնույն նախագծային լուծումներով կիրականացվի աջակողմյան շենքի վերնամասը ևս՝ ինչպես ծրագրվել էր`ապահովելով կառուցապատման սիմետրիկությունը: Կասկադի երկու բարձրահարկ աշտարակներով սկսվում է զբոսայգու հարակից կառուցապատումը և ավարտվում երկու փոքր ծավալային շեշտադրումներով», – նշված է Երևանի քաղաքապետարանի պատասխանում, որին կից ներկայացված է նախագծի լուսանկարը:
Երևանի քաղաքապետարանը նաև նշում է, որ շենքերի ամբողջ երկայնքով մանսարդների իրականացման ծրագիրը մշակման փուլում է և սահմանված կարգով այն կներկայացվի իրազեկման:
«Նախագծով նախատեսվում է նահանջող վերնակառույցի իրականացում՝ երեսապատված նույն քարից: Իսկ զուգահեռ շենքի շինարարությամբ ակնհայտ կդառնա, որ ծավալատարածական համաչափությունները չեն խախտվում և ճարտարապետական առումով շենքերը համահունչ են», – եզրափակում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ Թամանյան 3 հասցեում գտնվող շենքի բնակիչներն իրենց բողոքն էին հայտնել վերնահարկի կառուցման կապակցությամբ և նշել էին, որ պատրաստվում են խնդրի առնչությամբ նամակ հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Բնակիչներից մեկը նշել էր, որ վերնահարկը կառուցում է ՀՀ նախկին վարչապետ, այժմ Լոնդոնում բնակվող Արմեն Սարգսյանը:
Այսօր Epress.am-ի հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը բնական է համարել, որ տվյալ պարագայում բնակիչներն առաջին հերթին անհանգստացած են իրենց շենքի ամրությամբ:
«Վերջապես մենք պետք է սովորենք «չէ» ասել, բաներ կան, որ չի կարելի անել: Կա նման տրամադրություն, թե մարդն իր տունն է սարքում, մարդն ուզում է գեղեցկացնել, սակայն այս բոլորը զուտ գեղեցիկ խոսքեր են, իսկ տակը բոլորովին այլ բան է ստացվում: Մարդն իր բնակարանն ավելացնում է՝ ի հաշիվ միջավայրի, քաղաքի, բնակիչների ու քաղաքաշինական կառուցապատման: Կան կանոններ ու «մերոնք» չեն կարողանում մերժել ու չգիտեմ՝ ինչո՞ւ. կամ այնպիսի անձնավորություններ են, որոնց մերժել չի լինում, ուրեմն այստեղից հետևություն՝ օրենքը երկու հարթության վրա է դրվում. կան մարդիկ, որոնք օրենքից դուրս են և կան սովորական մարդիկ, որոնք չեն կարող օրենքը խախտել», – եզրափակել է Մինասյանը: