Այն, որ երեկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը մեր շահերից է բխում, առնվազն ցասում է առաջացնում՝ հաշվի առնելով Վրաստանում կտտանքների ենթարկված Վահագն Չախալյանի դեպքը, ինչպես նաև առհասարակ ջավախահայերի իրավունքների ոտնահարման դեպքերը Վրաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում է արել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նա նկատել է, որ վրացական իշխանությունների վարած քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների հարցով զարմանալի չէ, քանի որ բխում է իրենց ազգային շահերից, իսկ ՀՀ վարչակազմի պահվածքը զարմանալի չէ՝ հաշվի առնելով իրենց քաղաքականությունը ՀՀ քաղաքացիների հանդեպ:
Հիշեցնենք, որ Չախալյանը 2010 թվականնին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման հանրային կարգի խախտման, զենք-զինամթերքի ձեռքբերման և պահման համար, այժմ էլ դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան վիճարկելու վրացական դատարանի վճիռը:
Ասուլիսի մյուս բանախոս «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Չախալյանի դեմ քաղաքական վճիռ է կայացվել:
Պատգամավորն ասել է, որ հարցը բարձրացնելու է ԵԽԽՎ-ում, սակայն Հայաստանի իշխանությունները պարտավոր են Չախալյանի հարցի շուրջ բանակցություններ վարել Վրաստանի իշխանությունների հետ: