Այսօր Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խմբակցության անունից շնորհավորել է վրաց ժողովրդին, վրացական ընդիմությանը՝ բարձր կազմակերպվածությամբ ընտրություններ անցկացնելու համար:
«Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը՝ ի դեմս Սահակաշվիլիի, ընդունել են ընտրությունների արդյունքները: Սահակաշվիլին հայտարարեց իր ընդդիմություն անցնելու մասին, նրա կողմից սա լուրջ քաղաքական գործչի, երկրի իսկական ղեկավարի արժանի դիրքորոշում էր, որի համար իսկապես արժե շնորհավորել վրաց ժողովրդին, բոլոր քաղաքական ուժերին», – ասել է Արամ Մանուկյանը:
Վերջինս նշել է, որ այդքանով Վրաստանը ժողովրդավարության ճանապարհին կարևոորագույն քայլ է կատարել:
Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն նախնական տվյալներով խորհրդարանում ավելի շատ ձայն է հավաքել Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը: