Դեռևս մայիսին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել էին, որ իրենք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ աշխատել են ՀՀԿ-ին ձայներ բերելու համար, սակայն խոստացված գումարները չեն ստացել:
Իր այսօրվա համարում թերթը գրում է, որ մինչև այսօր այդ գումարների հարցը չի լուծվել: «Ժողովուրդն» ընդգծում է, որ Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր համատիրությանը ՀՀԿ շտաբի կողմից 9-10 միլիոն դրամ էր հատկացրել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին 900-1000 ձայն ապահովելու համար:
«Սակայն համատիրության նախագահներն այդ գումարները չէին բաժանել ժողովրդին: Բնակիչները նշել էին, թե կոնկրետ որ համատիրության ղեկավարներն են այդ գումարները «տակով» արել՝ «Աէրացիայի Հայրո, Չարբախի Ժենյա, Շենգավիթի Հասմիկ, Յոնջլախի Բաբո, Կամվոլնու Գրիշ»: Ստացված թարմ տեղեկությունների համաձայն` Յոնջլախի Բաբոն վերջերս այցելել է Սարգսյանին և գումար խնդրել նրանից: Սարգսյանն ասել է, թե չի կարող տալ: Բաբոն էլ իր մոտ եղած կուսակցության գումարը` մոտ 6 հազար եվրո, վերցրել է ու հեռացել Ֆրանսիա: Սակայն Սարգսյանի աշխատակազմից հերքել են լուրը. «Ձեր ասածն ասեկոսեների ժանրից է, նման բան չէր կարող լինել»», – գրում է թերթը: