Բնապահպան ակտիվիստները հորդորում են ոստիկանությանը «գլխից բռնել» և բացահայտել անօրինական որսի իրական մեղավորներին` սկսած բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պահպանության գծով պատասխանատուներին, բացահայտել «ատկատների» դեպքերը, որոնք թույլ են տրվել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյանների կողմից: Նշենք, որ բնապահպանները բացահայտել էին Խոսրովի արգելոցում որսի դեպքեր և տարածել սպանված կենդանիների լուսանկարները, որից հետո որս անելու մեղադրանքով ձերբակալվել էր Գառնիի բնակիչ Նորիկ Սարգսյանը: Բնապահպանները պնդում են, որ իրական մեղավորը նա չէ:
Իրավապահ մարմիններին ուղղված իրենց պահանջները բնապահպանները նշել են հայտարարության մեջ, որը հրապարակվել է ի պատասխան ՀՀ ոստիկանության կողմից իրենց ուղղված մեղադրանքերով նամակին: Հիշեցենք, որ ոստիկանությունը հայտարարել էր, թե բնապահպանների նպատակը արգելված որս կատարած անձանց պատժելը չէ, քանի որ նրանք իրենց հովանու տակ են առել Նորիկ Սարգսյանին և խանգարում են նախաքննության ընթացքին:
Բնապահպաններն իրենց պատասխանում նշել են, որ, նման մեղադրանքներ առաջադրելով, ոստիկանությունը չի կարող շեղել իրենց նպատակից, այն է՝ հիմնովին արմատախիլ անել կենդանիների արգելված որսի արատավոր պրակտիկան:
«Մեզ հետաքրքրում է դեպքի ամբողջական, լիարժեք քննությունը, իրական պատասխանատուների և պատվիրատուների բացահայտումը: Ոստիկանության աշխատակիցները գործում են ոչ պրոֆեսիոնալ, քննչական գործողությունները (տեղազննություն, հարցաքննություն և այլն) իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերի խախտումներով: Մասնավորապես, տեղազննության ձևական բնույթը, Նորիկ Սարգսյանի դատավարական կարգավիճակի հարցը (ըստ վերջինիս պաշտպան, փաստաբան Վ. Ենգիբարյանի, Ն.Սարգսյանը գործով ներգրավված է որպես վկա, սակայն ոստիկանության տարածած նյութն այլ բանի մասին է վկայում, իսկ փաստաբանը հրաժարվել է դրա վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնել): Ոստիկանությունը զարմանալիորեն չի անդրադառնում զանգվածային լրատվամիջոցների, ինտերնետային կայքերի տվյալներին, որտեղ բացահայտ կերպով մարդկանց (այդ թվում՝ արտասահմանից) հրավիրում են Հայաստան՝ բեզոարյան այծ, հայկական մուֆլոն և Կարմիր գրքում գրանցված այլ կենդանատեսակներ որսալու համար: Եվ, ի վերջո` ինչպե՞ս են ծախսվում այն հսկայածավալ դրամական միջոցները, որոնք ՀՀ պետական բյուջեից և միջազգային դրամաշնորհային ծրագրերի միջոցով հատկացվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենդանական և բուսական աշխարհի պահպանության համար»,- նշում են «Թռչկան» և «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները:
Բնապահպանները նաև տեսանյութ են տարածել, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են իրենք գտել սպանված կենդանիների մասունքները, ներկայացված է նաև գործով քննիչի և Նորիկ Սարգսյանի փաստաբանի հետ զրույցը և բնապահպանների վարկածը դեպքերի վերաբերյալ: