ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ համաժողովի բացմանը, որի ընթացքում քննարկվելու են հայկական գինու արտադրության զարգացմանն առնչվող հարցեր:
«Հանրապետության նախագահը երկու տարի առաջ հռչակեց, որ այսուհետ գյուղատնտեսությունը լինելու է երկրի զարգացման առաջնահերթություներից մեկը: Կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում և միջոցառումներ իրականացնում, որպեսզի արդիականացվի գյուղատնտեսությունը»,- իր ելույթում ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ խաղողագործությունը և գինեգործությունը մեր գյուղատնտեսության մեջ ունեն իրենց ուրույն տեղը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողագործության զարգացման համար մենք ունենք մեծ ներուժ: Ուրախալի է, որ այս ոլորտում կան նոր և լուրջ ներդրումներ: Այսօրվա վիճակագրական տվայլները վկայում են, որ խաղողի նկատմամբ պահանջարկը մոտակա տարիների ընթացքում գերազանցելու է առաջարկը: Միևնույն ժամանակ ավելի է խստացվելու խաղողի որակի հարցը, ինչն ստիպելու է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին:
Այստեղ էլ կարևորովում է խաղողագործությունը ժամանակակից մեթոդներով կազմակերպելու խնդիրը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին՝ այս բնագավառում ներդրումներ կատարելու և Հայաստանում ժամանակակից խաղողի այգիներ հիմնելու համար, ինչը, նրա խոսքով, լավ օրինակ է այլ գյուղացիական տնտեսությունների համար:
Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ միջազգային համաժողովի հիմնական թեման հայկական գինու աշխարհում ճանաչելի ապրանքանիշ՝ բրենդ ստեղծելու հնարավորության քննարկումն է երեք բաղադրիչների շուրջ՝ որակյալ խաղողի մշակում, բարձրորակ գինու արտադրություն, արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպում, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը: