Բժիշկը պարտավոր է մինչև ամենավերջին պահը պայքարել հիվանդի կյանքի համար՝ անկախ նրանից, թե ինքը ինչ է մտածում, հույսի աստիճանն ինչքան է ու միջազգային փորձը ինչ է ասում: Հիվանդի կյանքը փրկելու համար բժշկի կատարած բոլոր գործողություններն արդարացված են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ անդրադառնալով «Քանկոր» բժշկական կենտրոնում մահացած Կարապետ Քեշիշյանի դեպքին: Նշենք, որ երեկ բժշկական կենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանը պատասխանել է մահացածի հարազատների մեղադրանքներին:
«Իմ կողմից ստեղծվել է հանձնաժովով, որը մանրամասն կուսումնասիրի բոլոր փաստերը: Բավական ընդգրկուն կազմով է հանձնաժողովը. ընդգրկված են սրտաբաններ, այլ ոլորտների մասնագետներ ու վստահ եղեք, որ մենք մեր կարծիքը շատ շուտով կհրապարակենք», – ասել է Դումանյանը: