Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Կրթության նախարարության շենքի դիմաց, հավատացյալ մահմեդականների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 55 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը:
Երկու կողմից էլ տուժածներ կան: Բաքվի քաղաքային կլինիկական հիվանդանոցից հաղորդել են, որ երեք ոստիկան իրենց մոտ է բերվել ծանր վիճակում: Նշենք, որ վեբում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները և քաղաքացիական հագուստով մարդիկ ծեծի ենթարկում քաղաքացիներին, որոնք չեն դիմադրում:
Ակցիայի մասնակիցները պահանջել են չեղյալ համարել դպրոցներում հիջաբ կրելու արգելքը: Ոստիկանները պահանջել են ցրվել, իսկ հավատացյալները չեն ցանկացել դա անել, որից հետո էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչները սկսել են մահակներով հարվածել մարդկանց: Վերջիններս քարեր են նետել նրանց ուղղությամբ:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Ազատություն հիջաբին», «Ազատություն իսլամին», «Անիծվեն սիոնիստները»:
Ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը մտցվել է 2010 թվականի դեկտեմբերին, իսկ 2011 թվականի մայիսին Կրթության նախարարության առջև նմանատիպ ակցիա արդեն անցկացվել է: