Հայ Ազգային Կոնգրեսի չորս երիտասարդների գործով մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, բացառությամբ Դավիթ Քիրամիջյանի: Նշենք, որ այդ վճռով Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը՝ 3, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական:
Հիշեցնենք, որ դատախազը Քիրամիջյանի համար պահանջել էր երկու տարվա պայմանական ազատազրկում, մինչդեռ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշել էր պատիժը կիրառել ողջ խստությամբ:
Իր այսօրվա խոսքում դատախազը, անդրադառնալով Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանի բողոքի այն կետերին, որտեղ վերջինիս կողմից նշված էին գործում առկա խախտումները, նշել է, որ դրանք դատաքննության առարկա չեն: Դա վերաբերում էր մի քանի խախտումներին, մասնավորապես, նրան, որ միջադեպի օրը երիտասարդ ակտիվիստների փաստաբան Վահե Հովսեփյանի նկատմամբ բռնություն են կիրառել ոստիկանության բաժանմունքում և խոչընդոտել են նրա աշխատանքը:
Կամ՝ դատարանում ցուցմունք տվող բոլոր ոստիկանները նշել են, որ այնտեղ տեսել են Սարգիս Գևորգյանի քրոջը՝ լրագրող Անի Գևորգյանին, բայց Գրիգորյանն իր բողոքում նշում է, որ Անի Գևորգյանն այնտեղ չի եղել:
Խոսելով փաստաբանի այն դիտարկման մասին, թե երիտասարդների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Մարտիրոսյանն ասել է, որ վարույթն իրականացնող մարմինն իր գործողությունները չի իրականացնում ելնելով այն սկզբունքից, թե ով որ խմբից է:
Մեղադրյալներից Սարգիս Գևորգյանը, անդրադարձ կատարելով դատախազի այդ դիտարկմանը, մի քանի օրինակ է բերել առ այն, որ ոստիկաններն իրականում բավականաչափ քաղաքականացված են:
Գևորգյանի խոսքով՝ միջադեպի օրը բազմաթիվ ոստիկաններ իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենք երիտասարդներին գիտեին հանրահավաքներից ու ակցիաներից, իսկ միջադեպի օրը՝ օգոստոսի 9-ին, կարմիր բերետավորների գործողությունները ղեկավարել է այն ժամանակ Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Մելքոնյանը, ով հայտնի է իր քաղաքական հայտարարություններով::
Որպես օրինակ ակտիվիստը մեջբերել է Մելքոնյանի հարցազրույցներից մեկը, որի ժամանակ նա նշել էր, թե իր կարգախոսը «Առաջ, Հայաստանն» է՝ ընդգծելով, որ ինքն արել է ամեն ինչ, որ իր կարգախոսը հաղթի ընդդիմության «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսին:
«Այսինքն՝ անուղղակի, թե ուղղակի իր գործողությունները քաղաքական ենթատեքստ ու պատճառներ ունեն: Դա հերթական ապացույցն է այն բանի, որ մեր նկատմամբ հետապնդումը բացառապես քաղաքական հետապնդում է», – ասել է Սարգիս Գևորգյանը:
Նշենք, որ դատական նիստի ընթացքում դատախազ Հակոբ Մարտիրոսյանը նաև դժգոհ է եղել Տիգրան Առաքելյանի հայտարարություններից մեկից: Երբ վերջինիս մեղադրում էին իրեն բերման ենթարկող ոստիկան Տիգրան Ավետիսյանի քիթը կոտրելու մեջ, Առաքելյանը նշել էր, որ ինքը դիտավորություն չի ունեցել ոստիկանի քիթը կոտրել, հնարավոր է քիթը կոտրվել է մեքենայի դռան տակ մնալու հետևանքով:
«Այն, որ ես ասել եմ, որ ոստիկանի քիթը մնացել է մեքենայի դռան տակ, ես ենթադրություններ էի անում: Նույն կերպ կարող էի ենթադրել, որ ոստիկանի քթին հարվածել ու այն կոտրել է Ալիկ Սարգսյանը (միջադեպի պահին ՀՀ ոստիկանապետ – խմբ.)», – ասել է Տիգրան Առաքելյանը:
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 2-ին, ժամը 13.00-ին:
Այդ նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես կգա երիտասարդների փաստաբան Վահե Գրիգորյանը: